Բաժիններ՝

Մեկնարկել է Չինաստանի Կոմկուսի 20-րդ համագումարը. նախագահ Սի Ծինպինը խոսել է երկրի զարգացման առաջնահերթություններից

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկնարկեց ՉԺՀ Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Պեկինի Ժողովրդական ժողովների պալատում մեկնարկած Կոմկուսի 20-րդ համագումարի բացման արարողությանը հաջորդեց Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հաշվետվությունը, որով նա ամփոփեց նախորդ 5-ամյակի ձեռքբերումները և խոսեց հաջորդ 5-ամյակից:

Երկրի առաջնորդը կոչ արեց ամրապնդել վստահությունը չինական մշակույթի, դրա ուժի նկատմամբ և նոր քայլեր կատարել սոցիալիստական մշակույթի զարգացման համար:

«Երկիրն իր ժողովուրդն է, ժողովուրդը հենց երկիրն է։ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը ժողովրդին առաջնորդում է պետական իշխանության և պաշտպանում այդ գործում. սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ժողովրդի սիրտը նվաճել»,-ասաց նա:

Չինաստանի առաջնորդի խոսքով` անհրաժեշտ է բարելավել ազգաբնակչության բարեկեցությունն ու բարձրացնել կյանքի որակական մակարդակը, ինչպես նաև անդադար ջանքերի գնով իրականություն դարձնել ժողովրդի հրաշալի կյանքով ապրելու երազանքը:

Նոր 5-ամյակում Չինաստանը կարագացնի զարգացման գործընթացը` կենտրոնանալով բարձրորակ զարգացման խթանման վրա:

«Բարձրորակ զարգացումը սոցիալիստական ժամանակակից պետության համակողմանի կառուցման առաջնահերթ խնդիրն է: Մենք պետք է լիովին, հստակ և համակողմանիորեն իրականացնենք զարգացման նոր հայեցակարգը: Մենք կնպաստենք հնարավորությունների հավասարությանը, կբարձրացնենք ցածր եկամուտ ունեցող բնակչության եկամուտը, կավելացնենք միջին եկամուտ ունեցող բնակչության թիվը»,- հավաստեց նա:

Չինաստանի` մինչ 2035 թվականի զարգացման հեռանկարներին անդրադառնալով՝ երկրի առաջնորդը մասնավորապես ասաց. «Չինաստանի տնտեսական, գիտական, տեխնոլոգիական և համախառն ազգային հզորությունը զգալիորեն կաճի, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կբարձրանա նոր մակարդակի և կհասնի չափավոր զարգացած երկրների մակարդակին: Չինաստանը կհասնի սեփական գիտական և տեխնոլոգիական ներուժի ամրապնդման բարձր մակարդակի և կդառնա նորարարական տիպի առաջատար պետություններից մեկը»:

Պետությունը մտադիր է արագացնել Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի բարեփոխումներն ու արդիականացումը: Սի Ծինպինի խոսքով` հաջորդ 5-ամյակի ավարտի` 2027 թվականի համար, առաջնահերթ է հենց բանակի վերազինումը:

«Միասնությունը մեզ ուժ է տալիս, միայն միասնությունն է, որ ապահովելու է մեր հաղթանակը: Արդիականացված սոցիալիստական պետության համակողմանի կառուցման համար անհրաժեշտ է լիովին բացահայտել մեկ միլիարդ մարդու ստեղծագործական մեծ ներուժը։ Բոլոր կուսակցականները պետք է հաստատակամորեն հավատարիմ մնան հիմնական նպատակին՝ անձնուրաց ծառայություն ժողովրդին, անշեղորեն հետևել ճիշտ տեսակետին, հարգել ժողովրդի ստեղծագործ նախաձեռնողականությունը, անփոփոխ կանգնել «ամեն ինչ անելու» դիրքում»,- շեշտեց նա:

Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը կեզրափակվի հոկտեմբերի 22-ին: Համագումարին կմասնակցի 2296 պատվիրակ: Այն լուսաբանում են 200-ից ավելի լրագրող աշխարհի 80 երկրից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս