Պատերազմը չի կարելի արդար համարել․ Հռոմի պապ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդես է եկել երկրի վրա նոր, ավելի լավ խաղաղության ստեղծման կոչով, որը նա ձևակերպել է «Ես խնդրում եմ քեզ Աստծո անունով. տասը աղոթք ապագայի հույսի համար» գրքում:
Հռոմի պապի նոր ստեղծագործությունից հատվածներ, որոնք լույս կտեսնեն հոկտեմբերի 18-ին, կիրակի օրը հրապարակել է թուրինյան La Stampa թերթը:
Գրքում Հռոմի պապը հատուկ ուշադրություն է դարձրել ժամանակակից աշխարհում պատերազմի խնդրին, որը նա բնութագրել է որպես «քաղաքականության ձախողում»:
«Պատերազմն անարդյունավետ պատասխան է. այն երբեք չի լուծում այն խնդիրները, որոնք ցանկանում է հաղթահարել։ Գուցե Եմենը, Լիբիան կամ Սիրիան, եթե մի քանի ժամանակակից օրինակներ բերենք, ավելի լավ են ապրում, քան մինչ հակամարտությունը։
Հռոմի պապը, որը բազմիցս կոչ է արել վերջ դնել մարտական գործողություններին և գտնել ուկրաինական ճգնաժամի խաղաղ լուծումը, գրքում կրկին վերադառնում է այդ հարցին:
Նրա խոսքով, այս հակամարտությունն «Արևմուտքի կենտրոնում գտնվող միլիոնավոր մարդկանց խիղճը դրեց մարդասիրական ողբերգության դաժան իրականության առջեւ, որը վաղուց գոյություն ունի»։
«Չկա մի դեպք, երբ պատերազմը կարելի էր արդար համարել: Ռազմական բարբարոսությունը երբեք տեղ չի ունենա»,- ընդգծել է Հռոմի պապը ։
Նա կոչ է արել «տեղական, ազգային և համաշխարհային իշխանություններին» ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ դադարեցնելու շարունակվող պատերազմները և «բավական է» ասել զենքի արտադրությանն ու միջազգային առևտրին։
«Միջուկային զենքի գոյությունը վտանգի տակ է դնում երկրի վրա մարդկային կյանքի պահպանումը»,- նշել է նա:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի խոսքով՝ այս նպատակներին հասնելը «պահանջում է երկխոսություն, բանակցություններ, լսելու հմտություններ, դիվանագիտական հմտություններ և ստեղծագործական ունակություններ, ինչպես նաև հեռատես քաղաքականություն, որը կարող է կառուցել համակեցության համակարգ, որը հիմնված չի լինի զենքի ուժի կամ զսպման վրա»։ Այդ կապակցությամբ նա առաջարկել է «վերանայել» գործող միջազգային կառույցները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, որպեսզի դրանք համապատասխանեն նոր իրականությանը։