
Վրացական միրգ-բանջարեղենի ռուսական շուկան դիվեսիֆիկացնելու անհրաժեշտություն են տեսնում

Վրաստանի միրգ ու բանջարեղեն արտահանողների ասոցիացիայի նախագահ Վախթանգ Բեժիտաշվիլին հայտնել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ակնկալվում է միրգ-բանջարեղենի արտահանման 10-15 տոկոս նվազում, ըստ aliq.ge-ի՝ հայտնում է BusinessPressNews-ը:
Նրա խոսքով, արտահանման անկումը աշխարհաքաղաքական անկայունությամբ է պայմանավորված, և, ըստ նրա՝ անհրաժեշտ է մրգի և բանջարեղենի ռուսական ուղղությամբ արտահանումը վերահասցեավորել դեպի ավելի կայուն և հեռանկարային շուկաներ։
Բեժիտաշվիլին նշել է, որ արտահանման նվազումը կապված է ներկա և սպասվող անկայունության հետ, որը ռուս-ուկրաինական շարունակվող պատերազմի հետևանքն է։
«Այս բիզնեսն արդեն իսկ կապված է բավականին մեծ ռիսկերի հետ, քանի որ ապրանքները փչացող են, և այս փուլում սպասելիքներն այս կամ այն շուկայից անկայուն են։ Այս ամենը հանգեցնում է արտահանման նվազմանը»,- ասել է Բեժիտաշվիլին։
Ասոցիացիայի նախագահի խոսքերով, արտահանման գերակշիռ մասը՝ 90 տոկոսը, բաժին է ընկնում Ռուսաստանին, ինչը զգալի ռիսկեր է պարունակում։
«Մեզ միանշանակ պետք է դիվերսիֆիկացնել շուկաները, որպեսզի մեր արտահանումը միայն Ռուսաստան չուղղվի։ Մենք եվրոպական երկրներում ներուժ ունենք: Այս ուղղությամբ մասնավոր հատվածը պետք է աշխատի պետության հետ, և արդյունքն անպայման կլինի»,- նշել է Բեժիտաշվիլին։