Ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են դիմել համայնքի ղեկավարին` իրենց նշած տարածքում ավտոկայանատեղի նախատեսելու համար
Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի համաձայն` 2022 թվականի հոկտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 2-րդ նիստը: Օրակարգում ընդգրկված հարցերի թվում է նաև Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղիի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին հարցը:
Հիմնավորման մեջ նշված է, որ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են դիմել համայնքի ղեկավարին` ավագանու որոշմամբ իրենց կողմից նշված տարածքում ավտոկայանատեղ նախատեսելու համար և վճարել ամսական կամ տարեկան տեղական վճար ամբողջ ավտոկայանատեղի տարածքի համար: Տեղական վճարի չափը հաշվարկվում է ըստ տվյալ ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցների կայանման տեղերի թվի և ավագանու կողմից սահմանված մեկ ավտոտրանսպորտային միջոցի դրույքաչափի:
Ավտոկայանատեղի ամբողջ տարածքի համար տեղական վճար վճարած ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են սահմանափակել կամ չսահմանափակել տվյալ ավտոկայանատեղում այլ անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքը, սակայն իրավունք չունեն ավտոկայանատեղից օգտվողից գանձելու վճար:
Երևան քաղաքի ավագանու 2013-2021թ.թ. համապատասխան որոշումների հիման վրա ծառայողական ավտոկայանատեղեր կազմակերպելու իրավունք ստացած իրավաբանական և ֆիզիկական անձինք, վճարելով սահմանված չափով տեղական վճարը, դիմել են կազմակերպված և գործող ավտոկայանատեղերը 2022թ.-ի ընթացքում շահագործելու շարունակման իրավունք ստանալու խնդրանքով։ Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի հ.93-Ն որոշմամբ սահմանվել է Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպման կարգը: Ելնելով վերոգրյալ իրավական ակտերի պահանջներից և սահմանված դրույթներից` նախապատրաստվել է Երևան քաղաքի ավագանու «Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին» որոշման նախագիծ:
Որպես օրինակ ներկայացված է «ԱՐՏԷՔՍԻՄ» ՍՊԸ-ին Գր. Լուսավորիչ փող.՝ հ.3 հասցեին հարակից ճանապարհահատվածի 5 (37.5 գծմ), մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով կայանելու հնարավորություն տալու հարցը: Կա նաև այլ տրանսպորտային միջոցների կայանման սահմանափակում՝ 9:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում: