«Ադրբեջանի ներկայացրած 1919-1920 թվականների քարտեզը որևէ տեղ հաստատված չէ, երևակայական քարտեզ է…»․ Քարտեզագիր
Սեպտեմբերի 14-ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը, իսկ հոկտեմբերի 12-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել են, որ Հայաստանը պաշտպանում է իր 29.800 քկմ տարածքը։
«Խաղաղության պայմանագիրը և դելիմիտացիան փոխկապակցված են։ Հայաստանը մտահոգություն ունի, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հետո, այսպես կոչված, չդելիմիտացված սահմանի պատրվակը կարող է օգտագործել Հայաստանի վրա հարձակվելու համար։
1929 թվականի դելիմիտացիայի գործընթաց եղել է, Հայաստանի և Ադրբեջանի դելիմիտացիա է եղել։ Մնում է, որ փոխադարձ համաձայնության գանք, որ դա ընդունում ենք՝ որպես հիմք, ապահովում ենք ՀՀ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը»,- ասել էր Արմեն Գրիգորյանը։
168.am-ի հետ զրույցում քարտեզագիր Անուշավան Բարսեղյանը նախ ասաց, թե իրեն հայտնի չէ, թե 1929 թվականի ինչ քարտեզներով է դելիմիտացիա տեղի ունեցել։
«Ադրբեջանը ներկայացրել է 1919-1920 թվականների քարտեզը, ոըը նա ներկայացրել էր Ազգերի լիգայի խորհուրդ, այդ երևակայական քարտեզը որևէ տեղ հաստատված չի եղել երբեք։ Կա նաև 1926 թվականի քարտեզ, որտեղ սահմաններ չկան, գուցե գաղտնի քարտեզները Ռուսաստանն ունի, և այնտեղ սահմաններ կան, բայց այն, ինչը բաց է՝ սահմաններ չկան։ Ուղղակի կա 31 հազար քկմ տարածքով Հայաստան, ինչն աստիճանաբար կրճատվեց։ 29.800 քկմ տարածքը ՀԽՍՀ՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության սահմաններն են, այնտեղ կան «անկլավները», 3 անկլավ՝ Տիգրանաշենն է, հյուսիս-արևելքում էլ Ասկիպար-Բարխուդալուն ու Ասկիպար-Սոֆլուն։ 1991 թվականի դրությամբ այդ տարածքներն «անկլավներ են», այսինքն՝ Ադրբեջանի մեջ են մտնում։ Բայց մենք էլ ունենք Արծվաշեն, որի մասին որևէ խոսք չկա, չգիտեմ ինչու։ Եթե մշտապես ասում են, որ այդ տարածքները պետք է տանք, ինչո՞ւ Ադրբեջանը չպետք է Արծվաշենը տա, այս հարցը որևէ մեկը չի բարձրաձայնում, լավ կլիներ, եթե այդ հարցն էլ բարձրաձայնեին»,- նշեց Անուշավան Բարսեղյանը։
Ըստ քարտեզագրի, ռազմավարական առումով այն «անկլավները», որոնք հայկական կողմը պետք է հանձնի, ավելի մեծ ստրատեգիական նշանակություն ունեն, որովհետև մայրուղիների վրա են։ ՀԽՍՀ վարչական սահմանների համաձայն՝ տարածքը 29.800 քկմ է։
Անդրադառնալով Սյունիքի մարզի Սև լճին և Գորիս-Կապան ճանապարհին, Անուշավան Բարսեղյանն ասաց, որ 1991 թվականի դրությամբ Գորիս-Կապան ճանապարհի մեծ մասը եղել է ոչ թե հայկական կամ ադրբեջանական, այլ այն համարվել է սահման, տրամաբանորեն, եթե հիմա պետք է բաժանեն, ապա ասֆալտի մեջտեղի հատվածով պետք է բաժանեն. մի հատվածը՝ Հայաստանին, մի հատվածը՝ Ադրբեջանին։
«Սահմանն անցել է այդ ճանապարհով, բացառությամբ «Էյվազլի» կոչված հատվածից, որը մտել է ադրբեջանական ԽՍՀ-ի մեջ, թեպետ սա հարաբերական է, քանի որ դրանք կոլխոզի նախագահի կամ նմանատիպ անձանց թեթև ձեռքով օտարվել են, այսինքն՝ դրանք եղել են Հայաստանի ԽՍՀ-ի կազմի մեջ, բայց կոլխոզի նախագահի ձեռամբ տրվել է Ադրբեջանին։ Հիմա, թե այս փաստն ինչպես պետք է ներկայացվի և բարձրաձայնվի, երևի թե Կառավարության գործառույթն է։ Հիմա այդ ճանապարհն օգտագործելը կամ ամբողջությամբ Ադրբեջանին տալը ճիշտ չէ»,- ընդգծեց Անուշավան Բարսեղյանը։
Հարցին՝ եթե Ադրբեջանն իրեն չի համարում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, ինչպե՞ս է ստացվում, որ սահմանները պետք է գծեն Խորհրդային Ադրբեջանի սահմաններով, քարտեզագիրը պատասխանեց, որ քաղաքական հարցի չի կարող պատասխանել, սակայն անձնական տրամաբանությամբ կարող է ասել, որ եթե Ադրբեջանն իրեն չի համարում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ, այլ համարում է մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդ, թող ունենա մուսաֆաթական Ադրբեջանի սահմանները։
«Այդ դեպքում Ալ լճերը Հայաստանի սահմանների մեջ են մտնելու, Արծվաշենը կղզյակ չի լինելու, կպած է լինելու մեզ, «անկլավներ» չեն լինում , «Էյվազլիի» հատվածն է մերը լինելու»,- եզրափակեց Անուշավան Բարսեղյանը։