Անհետ կորած զինծառայողի հարազատներից Գյումրիում շորթում կատարողը ոստիկան է. ԱԱԾ հաղորդագրության հետքերով
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի և Շիրակի մարզային վարչության ծառայողները, համագործակցելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների հետ, համալիր գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզել են, որ Գյումրի քաղաքի բնակիչ Բ. Պ.-ն, տեղեկանալով, որ համաքաղաքացի Խ. Գ.-ի ազգականը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում անհետ կորել է, նրանից խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու և կաշառք տալուն դրդելու դիտավորությամբ, վերջինիս ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակից՝ բարձրաստիճան պաշտոնատար անձին՝ ԱԱԾ գեներալին, կաշառք տալու դիմաց նշված զինծառայողին իբր գերությունից ազատելու և ՀՀ վերադարձնելու գործընթացը կազմակերպելու համար պահանջել է 5.000.000 ՀՀ դրամ գումար:
«2022 թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հսկողության ներքո Խ. Գ.-ն պայմանավորված 5.000.000 ՀՀ դրամ գումարից 1.200.000 ՀՀ դրամը Գյումրի քաղաքում փոխանցել է Բ. Պ.-ին, որից անմիջապես հետո վերջինս բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, որի ընթացքում «Կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության շրջանակներում Բ.Պ.-ի մոտից հայտնաբերվել և վերցվել է նշված 1.200.000 ՀՀ դրամը: Բ. Պ.-ն ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է»,- նշված էր ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ:
Մեր իրականության համար զազրելի այս հանցագործությունը որևէ բարոյական սահմանի մեջ չի տեղավորվում և արժանի է խստագույն պատժի, ով էլ որ այն կատարած լինի:
Իր զավակի ճակատագրից անտեղյակ ու նրա ձայնը լսելու կարոտ ծնողի հոգեբանական անկայուն վիճակից օգտվելով՝ նրանից շորթում կատարողը ոչ մի արդարացում չունի, ինչպիսի շարժառիթներ էլ որ նա ներկայացնի: Բայց երբ դա անողը մարդ է, ով կոչված է օրինականություն պահպանել, հանցանքը թերևս բազմապատիկ ծանրանում է:
168.am-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ի հաղորդագրության «հերոս» Բ. Պ.-ն ոստիկան է, ծառայություն է իրականացնում ոստիկանության Կումայրիի բաժնում: Անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում:
Անհետ կորած զինծառայողի հարազատից գումար շորթողը սովորական անսուրբ ու անսկզբունքային սրիկա չէ, այլ ամենամսյա պատկառելի աշխատավարձ ու պարգևավճար ստացող, կոչում ունեցող ոստիկան:
Գյումրիում տարածված լուրերի համաձայն՝ Բ.Պ.-ն միայնակ չի իրականացրել իր այս ստորագույն քայլը: Թե մինչև ուր կտանի այս հանցագործության մեջ ներգրավված անձանց կապերը, կփորձենք ներկայացնել հաջորդիվ:
Էթիկական նկատառումներից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ թեմայի վերաբերյալ չենք հրապարակում:
Ոստիկանությունից 168.am-ի խնդրանքին՝ հաստատել կամ հերքել շորթողի՝ ոստիկան լինելու վերաբերյալ տեղեկությունը, հորդորեցին դիմել նախաքննական մարմնին: Նախաքննական մարմնից՝ ԱԱԾ-ից էլ նշեցին, որ նախաքննական գաղտնիքի նկատառումներից ելնելով՝ գործի վերաբերյալ հավելյալ մանրամասներ չեն կարող հայտնել:
«Հատկապես որ հիմա արդեն մենք գործի հետ կապ էլ չունենք: Ձերբակալումն իրականացրել ու փոխանցել ենք Հակակոռուպցիոն կոմիտե»,- ասացին ԱԱԾ-ից: