Բաժիններ՝

Մահացել է Սուրեն Հասմիկյանը

Կյանքից հեռացել է Հայաստանի կինոգործիչների միության, Ազգային կինոակադեմիայի անդամ, կինոգետ, կինոքննադատ, սցենարիստ, արվեստագիտության պրոֆեսոր ՍՈՒՐԵՆ ՀԱՍՄԻԿՅԱՆԸ:

Գեղեցիկ կյանք ապրեց սիրելի ՍՈՒՐԵՆ ՀԱՍՄԻԿՅԱՆԸ, իր ապրած ողջ կյանքը նվիրելով հայկական կինոյին, կինոյի աշխարհին:

ՍՈՒՐԵՆ ՀԱՍՄԻԿՅԱՆԸ երկար տարիներ զբաղեցնելով կառավարող պաշտոններ կինոոլորտում, լինելով հայ կինոյի բոլոր նշանակալից իրադարձությունների կենտրոնում, մնաց այն բացառիկ մտավորական այրերից, որոնք արվեստը, մտավոր գործը, հետազոտական, մանկավարժական աշխատանքն ու գիտությունը գերադասում են ամեն ինչից:

ՍՈՒՐԵՆ ՀԱՍՄԻԿՅԱՆԻ գրչին են պատկանում բազմաթիվ հրաշալի հոդվածներ, մենագրություններ, վերլուծություններ, կինոքննադատություն, որոնք բացահայտում են հայ և համաշխարհային կինոյի, գրականության նշանավոր դեմքեր, ֆիլմեր, գրական գործեր:

Արվեստագիտության պրոֆեսորը նաև իր ուրույն ավանդը թողեց մանկավարժության ասպարեզում, կրթելով մի քանի սերունդ:

ՍՈՒՐԵՆ ՀԱՍՄԻԿՅԱՆՆ այն անձն էր, որը թեև տարողունակ տեղեկատվության կրող էր, թեև ապրում էր ակտիվ քաղաքացիական կյանքով, մշտապես ամենատարբեր իրադարձությունների կենտրոնում էր, այնուհանդերձ նրա կյանքը կինոն էր, կինոաշխարհը, առանց որի չէր պատկերացնում իր օրը:

Մինչև կյանքի վերջին օրերը ՍՈՒՐԵՐ ՀԱՍՄԻԿՅԱՆՆ այցելում էր կինոդիտումներին, հայտնում իր հեղինակավոր կարծիքը, ասում իր ծանրակշիռ խոսքը:
Հարգարժան պրոֆեսորը ոգևորված էր նաև Կինոյի տան զարթոնքով ու գրեթե ամեն օր Հայաստանի կինոգործիչների միությունում էր, կինոյի տան իր սիրելի սրահներում, զրուցում էր, հուշեր պատմում, խոսում այս կամ այն ֆիլմից ու նաև նոր ֆիլմերից, որոնք շատերը դեռ չէին հասցրել տեսնել:

ՍՈՒՐԵՆ ՀԱՍՄԻԿՅԱՆԻ կորուստը մեծ կորուստ էր հայ կինոյի, հայ մշակույթի համար:

Ցավակցում ենք ՍՈՒՐԵՆ ՀԱՍՄԻԿՅԱՆԻ հարազատներին, մտերիմներին, բարեկամներին, բոլոր կինոգործիչներին, հայ մշակույթի մարդկանց այս մեծ կորստի առթիվ:

Հայաստանի Կինոգործիչների միություն

Հ․Գ․ 168․am-ը ցավակցում է Սուրեն Հասմիկյանի հարազատներին, մտերիմներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս