Հայաստանի և Վրաստանի կառավարության աշխատակազմերի ղեկավարները քննարկել են երկու երկրներում ԲԿԳ օրակարգերը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար և «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» (ԲԿԳ) ղեկավար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 11-ին Հռոմում մասնակցել է ԲԿԳ «Եվրոպա տարածաշրջանի» բարձր մակարդակի միջոցառմանը։ Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, միջոցառմանը մասնակցել են Արևելյան գործընկերության և Մերձբալթյան երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ։
ԲԿԳ գործադիր տնօրեն Սանջեյ Պրադանի հետ հանդիպմանը Արայիկ Հարությունյանն անդրադարձել է տարածաշրջանի անվտանգության մարտահրավերներին, ադրբեջանական վերջին ագրեսիային և դրանց ազդեցությանը Հայաստանում ընթացող բարեփոխումների վրա։
Քննարկվել են համագործակցային նոր հնարավորություններ`ԲԿԳ-Հայաստան 2022-2024 թթ. ծրագիրը լավագույնս իրականացնելու և կառավարման համակարգն ավելի մասնակցային դարձնելու ուղղությամբ։
ԲԿԳ գործադիր տնօրեն Ս. Պրադանը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը ժողովրդավարության ամրապնդման և առաջխաղացման ուղղություններով։
Արայիկ Հարությունյանը կարևորել է ԲԿԳ դերը Հայաստանում թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացման հարցում:
Միջոցառման շրջանակներում հանդիպել են նաև Արայիկ Հարությունյանը և Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Ռեվազ Ջավելիձեն։
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրներում ԲԿԳ օրակարգերը, դրանց ընթացիկ իրականացումը և թե ինչպե՞ս կարող են երկու կառավարություններն աջակցել միմյանց ԲԿԳ օրակարգային բարեփոխումներն իրականացնելու հարցում։
Քննարկվել են հանրային կառավարման բարեփոխումների, ռազմավարական ծրագրերի և ոլորտային այլ խնդիրներին ուղղված հարցեր։
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն համագործակցել փորձի փոխանակման և բարեփոխումների օրակարգի շուրջ` փոխադարձ այցերի և նոր համագործակցային մեխանիզմների միջոցով։