Ինդոնեզիայի ոստիկանությունը ժամկետանց արցունքաբեր գազ է կիրառել մարզադաշտում

Ինդոնեզիայի ոստիկանությունն ընդունել է, որ պիտանելիության ժամկետը լրացած արտասվաբեր գազ է կիրառել «Կանջուրուհան» մարզադաշտում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, սակայն պնդում է, որ ժամկետանց արտասվաբեր գազը մահացու չէ: Այդ մասին հաղորդել է TEMPO.CO. պորտալը:

Ոստիկանները արտասվաբեր գազ են կիրառել, որպեսզի ցրեն ֆուտբոլի երկրպագուներին, որոնք «Կանջուրուհան» մարզադաշտ էին դուրս եկել հոկտեմբերի 1-ին «Արեմա» եւ «Պերսեբայա» թիմերի մրցախաղից հետո: Արտասվաբեր գազի կիրառումը հանգեցրել է խուճապի եւ հրմշտոցների, որի հետեւանքով զոհվել է 131 մարդ, եւս հարյուրավորները վերքեր են ստացել: «Արտասվաբեր գազը եւ ուտելիքը նույն բանը չեն»,- TEMPO.CO.-ին հայտարարել է գեներալ Դեդի Պրասետիոն՝ Ինդոնեզիայի ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետը:

Նա հավելել է, որ երբ արտասվաբեր գազի պիտանելիության ժամկետը լրանում է, նրա «քիմիական հատկությունները փաստորեն նվազում են»: Պրասետիոն նաեւ ընդգծել է, որ, Ինդոնեզիայի ոստիկանության հետաքննության համաձայն, մարզադաշտում մահացել են ոչ թե արտասվաբեր գազի պատճառով, այլ հրմշտոցի ժամանակ թթվածնի անբավարարության պատճառով: Ավելի վաղ Ինդոնեզիայի ազգային ոստիկանության ղեկավար Լիստիո Սիգիտ Պրաբովոն վեց կասկածյալների է նշել «Կանջուրուհան» մարզադաշտում տեղի ունեցած ողբերգության մեջ: Մեղադրանքներ են ներկայացվել երեք քաղաքացիական անձանց եւ երեք ոստիկանների նկատմամբ, որոնք արտասվաբեր գազ են կիրառել երկրպագուների դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս