«Էդ մարդն ասաց՝ ուղարկեք մեր լաբորատորիա, կնայենք». Քաղաքապետը՝ ծառերի վնասատու միջատներին Ֆրանսիա ուղարկելու մասին
«Ծառերի վնասատուների դեմ պայքարի միջոցների վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու նպատակով վնասատու միջատների տեղափոխման ուղղությամբ դեռևս ֆրանսիացի մեր գործընկերներից պատասխան չունենք, քանի որ իրենք միջատների ներմուծման, կարգավորումների և լաբորատորիայի ընտրության հետ կապված պարզաբանումների գործընթացում են»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեցին բնապահպանության և արտաքին կապերի վարչություններից:
«Չեմ հասկանում, ի՞նչ արձագանք: Նենց ասեք, որ հասկանանք, թե ի՞նչ ենք սպասում իրենցից: Չհասկացա, ընթացակարգը ո՞նց է»,- ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը նշեց, որ ամեն շաբաթ կապի մեջ են, խնդիրն այն է, որ կա ընթացակարգ, և իրենք հարցում են արել իրենց կենտրոնական լաբորատորիային, որպեսզի տեղեկություն ստանան՝ իրենց գործող կարգով թույլատրվո՞ւմ է այդ միջատների ներմուծումը, և ի՞նչ կարգավորում ունի:
«Պետք է ասեն, թե իրենց ո՞ր լաբորատորիան է դա իրականացնում, որովհետև հնարավոր է՝ Լիոնի լաբորատորիան չէ, այլ եվրոպական այլ լաբորատորիա»,- հավելեց արտաքին կապերի վարչության պետը:
Քաղաքապետն էլ հակադարձեց՝ նշելով. «Ես եմ այնտեղ եղել, ես եմ պայմանավորվածություն ունեցել: Կոնկրետ մարդ կար, կոնկրետ մարդու տվյալ կար: Էդ մարդն ասաց՝ ուղարկեք մեր լաբորատորիա, կնայենք: Լիոնը չի, ուրիշ լաբորատորիա չի, հստակ մարդ էր, հստակ լաբորատորիա: Կոնտակտային տվյալներն ունե՞ք»:
Բնապահպանության վարչությունից նշեցին, որ երբ միջատը ներմուծվում է տվյալ երկրի տարածք՝ քաղաքապետարանը չի վերցնում, այլ կոնկրետ լաբորատորիա:
«Էդ սաղ ֆիքսած ա, ես պայմանավորվել եմ: Պարոն Գևորգյան, վերջին անգամ ասացիք, որ իրենցից նամակ է պետք, որ ընդունեն: Ես չգիտեմ՝ ում հետ եք խոսել: Հարցս պարզ է, կոնտակտային տվյալը՝ ում հետ խոսել եմ, փոխանցել եմ: Ո՞ւմ հետ եք խոսել»,- հետաքրքրվեց քաղաքապետը:
Դավիթ Գևորգյանը տեղեկացրեց, որ խոսել են արտաքին կապերի հետ, ասել են, որ տիրապետում են:
Հրաչյա Սարգսյանը ասաց, որ արտաքին կապերի հետ պետք չէ խոսել: «Կտամ այցեքարտ, կխոսեք կոնկրետ մարդու հետ, կասեք՝ ոնց ենք դա կազմակերպում»,- եզրափակեց քաղաքապետը:



