«Ղրիմի կամրջի հրդեհը մարել են, միայն կամրջի հույսին չենք, ունենք նաև ցամաքային ճանապարհ». Ղրիմի ԱԺ հայազգի պատգամավոր

Այսօր առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթեցվել։ Պայթյունից բռնկվել է գնացքի վառելիքի յոթ բաք։ Շրջանի իշխանությունների նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Պայթյունից հետո ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցածը ցույց է տալիս Կիևի «ահաբեկչական էությունը»։

«Քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը Կիևի ռեժիմի արձագանքը վկայում է դրա ահաբեկչական բնույթի մասին»,- Telegram-ի իր ալիքում գրել է Զախարովան։

168.am-ի հետ զրույցում Ղրիմի ԱԺ հայ պատգամավոր, աշխարհազորայինների հրամանատար Արմեն Մարդոյանն ասաց, որ իրավիճակը Ղրիմում արդեն նորմալ է։

Կարդացեք նաև

«Հրդեհը մարել են, իսկ դրանից անմիջապես հետո մարդկանց մոտ մի տեսակ անհանգստություն էր առաջացել, թե՝ գնանք արագ մեծ քանակի վառելանյութ, պարեն գնենք և այլն։ Սակայն ելույթ ունեցավ Ղրիմի ղեկավարն ու մարդկանց հորդորեց խուճապի չմատնվել, որևէ բան չգնել, քանի որ որևէ բանի խնդիր չեն ունենալու։ Նա հստակ ասաց, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, վառելանյութի, պարենի հարցն էլ՝ լուծված։

Ղրիմը միայն այդ կամրջի հույսին չէ, մենք ունենք նաև ցամաքային ճանապարհ, Դոնեցկով, Խերսոնով և այլն»,- նշեց Արմեն Մարդոյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Ղրիմի ժողովուրդն այնպես չէ, որ սովոր չէ առանց կամրջի ապրել, քանի որ եղել են նաև ժամանակներ, երբ առանց կամրջի են ապրել։

«6-7 տարի առանց կամուրջի ենք ապրել, օգտվել ենք ցամաքային ճանապարհից։ Այս պահին միայն այն մարդիկ են անհանգստանում, որոնք չունեն ինտերնետ կամ չեն կարողանում հեռուստացույց դիտել։ Մեզ համար այս ամենը սպասելի էր, քանի որ մենք Միացյալ Նահանգներից ու նրա ղեկավարից այլ բան չէինք էլ սպասում»,- եզրափակեց Արմեն Մարդոյանը։

Տեսանյութեր

Լրահոս