«Կան 40-ից ավելի անհետ կորածներ, թիվը կարող է նվազել կամ աճել». Քրիստիննե Գրիգորյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի խոսքով՝ սեպտեմբերի 13-ից հետո անհետ կորածների, գերիների հարազատներից դիմումներ են ստացել։
«Մարդիկ եկել են մեր գրասենյակ, պնդումներ են կատարել տարբեր տղաների վրա, որ իրենց տղան է, և այլն։ Այս առումով 13-14-ի գործողությունների ընթացքում մենք ունենք 20-ից ավելի անձանց պնդում-դիմում, որոնք պնդում էին, որ իրենց տղան է կոնկրետ տեսանյութում։ Բայց ունեինք դեպքեր, որ 2-3 ընտանիքներ նույն տղայի վերաբերյալ պնդում էին, որ դա իրենց տղան է։ Հետո հիշում եք՝ մարմիններ փոխանակվեցին հայկական կողմին։ Այս համատեքստում մենք Կարմիր խաչի հետ կոմունիկացիա են սկսել և յուրաքանչյուր օր մեր ստացած տեղեկություններն իրենց ներկայացրել ենք։ Կարմիր խաչից մեզ փոխանցեցին, որ Ադրբեջանը հաստատել է իրենց մոտ գտնվող 17 ռազմագերու փաստը, բայց ունենք դեպքեր, երբ համարում ենք, որ մեծ հավանականությամբ այդ մարդիկ գտնվում են ադրբեջանական կողմում»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Քրիստիննե Գրիգորյանը։
Նա նշեց, որ առանց անուններ հրապարակելու, շարունակելու ենք աշխատել, քանի որ այդ անձինք պետք է օգտվեն իրավական պաշտպանությունից։
Ինչ վերաբերում է անհետ կորած անձանց, ապա ՄԻՊ-ի խոսքով՝ կան 40-ից ավելի դիմումներ, որոնց ներկայացնող անձինք պնդել են, որ իրենց հարազատն անհետ կորած է, սակայն այդ թիվն «իջնելու կամ բարձրանալու» միտում ունի՝ հիմք ընդունելով մարմինների նույնականացման գործընթացը։
«Մարմինների նույնականացման գործընթացը դեռ շարունակվում է, հետևաբար՝ հիմա հստակ թիվ ասելը սխալ կլինի։ ՊՆ-ի և իրավապահների հետ ունեցած մեր կապը, ցավոք, ցույց է տվել, որ Ադրբեջանը մեծ դժկամությամբ ու մեծ խնդիրներով է փոխանցել մարմինները։ Թեպետ նույն անվտանգության խորհրդի նիստում ասվեց, որ նրանք 100 մարմին կփոխանցեն, հետո մեծ դժվարությամբ փոխանցեցին, այդ մարմինները շատ դեպքերում ենթակա են դատագենետիկական փորձաքննության, որովհետև այնպիսի վիճակում չեն պահվել, որպեսզի ավելի հեշտ ճանաչվեն։ Կան մարմիններ, որոնք ենթարկվել են խոշտանգման։
Մենք ֆիքսել էինք, որ մեր զինծառայողը վիրավորում է ստացել, որը մահացու չէր։ Սա այն դեպքն էր, երբ ադրբեջանական ագիտացիա անող շրջանակները տեսանյութ էին ակտիվ տարածում, թե առաջին բուժօգնություն են ցուցաբերում զինվորին։ Հետո, երբ մարմինը ստացանք, դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ տղան ներքին արյունահոսությունից էր մահացել, ինչը կոնկրետ խոշտանգում է, որովհետև չի եղել պատշաճ բժշկական օգնություն։ Ենթադրում եմ, որ նման դեպքեր կրկին կարող ենք ունենալ»,- եզրափակեց Քրիստիննե Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ՝ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունում մասնավորապես նշված է․ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Նշենք նաև, որ թշնամին շարունակում է պարբերաբար կրակել հայկական դիրքերի վրա, երեկ էլ, ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ժամը 19:40-20:00-ն Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Իսկ սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների արձակած կրակոցների հետևանքով հայկական կողմը 3 զոհ ուներ։