Չեխահայերը պահանջեցին Չեխիայի ղեկավարությունից ոչ միայն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, այլեւ պատժամիջոցներ սահմանել․ orer.eu
Հոկտեմբերի 6-ին Պրահայի ամրոցում սկսված Եվրամիության Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին զուգահեռ, Չեխիայի արտաքին գործերի նախարարության շենքի մոտ 100ից ավելի չեխահայեր իրենց բողոքն արտահայտեցին Ադրբեջանի նկատմամբ որդեգրած եվրոպական լռելյայն քաղաքականության դեմ։
ԵՄ նախագահող երկրից չեխահայերը պահանջում էին ոչ միայն ադրբեջանական ագրեսիայի դատապարտում, այլեւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառում։
Հայ համայնքի անունից պահանջագիրը ստորագրել էր Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, իսկ պահանջագիր տրվեց ոչ միայն Չեխիայի ԱԳՆ–ին, այլեւ Սենատին եւ Պատգամավորների պալատին։
Չեխահայ երիտասարդներն իրենց բողոքն էին հայտնում ադրբեջանական ագրեսիայի եւ եվրոպական լուռ արձագանքի ու երկակի ստանդարտների դեմ։ Նրանք վանկարկում են «Ադրբեջանը ագրեսոր է», «Պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ», «Ձեռքներդ հեռու Հայաստանից ու Ղարաբաղից», «Ադրբեջանն ուզում է Հայաստանը» եւ այլ կարգախոսներ։
Իսկ պահանջագրում նշվում էր, որ անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, և ինչպես մերժվում է ռուսական գազը, այնպես էլ ադրբեջանական վառելիքը պետք է մերժվի։ Հակառակ դեպքում, Ալիեւի նման բռնապետերը իրենց գործընկեր Էրդողանի օգնությամբ վաղը կընդլայնեն իրենց ազդեցության գոտին դեպի եվրոպական երկրներ։
«Սույնով խնդրում ենք Չեխիայի ներկայացուցիչներին դատապարտել Թուրքիայի և Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները և պատժամիջոցներ կիրառել այդ երկրների նկատմամբ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խաղաղ բնակիչների մարդու իրավունքների ոտնահարման պատճառով։
Չեխիան, որը ներկայումս նախագահում է Եվրամիությունում, պետք է պահանջի միջազգային խաղաղապահ զորքեր ուղարկել Հայաստանի սահման, դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունները, սահմանել հնարավորինս լայն տնտեսական պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ,հետ կանչել իր դեսպանին Բաքվից և արտաքսել Ադրբեջանի ողջ դիվանագիտական անձնակազմը Չեխիայից, քանի դեռ ադրբեջանական զինուժը ամբողջապես դուրս չի բերվել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից»,-ասվում է պահանջագրում։
Երկու ժամ տեւած ցույցի ավարտին, պահանջագիրը հանձնվեց արտաքին գործերի նախարարությանը, նման պահանջագրեր կտրվեն նաեւ սենատին ու Պատգամավորների պալատին։