«Մեր գյուղի անասուններին գողացել են Ջերմուկի սարերից». Ներքին Խնձորեսկի վարչական ղեկավար

Հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հարց ուղղեց Կառավարությանը, թե ինչ են անելու այն քաղաքացիների կրած վնասները փոխհատուցելու համար, որոնք գույք են կորցրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հարձակման հետևանքով։

Եվ իշխանական պատգամավորն օրինակ բերեց Խնձորեսկ գյուղը, նշելով, որ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվելու ընթացքում նաև թալանով են զբաղվել և գողացել  բնակիչների անասունները։

168.amի հետ զրույցում Ներքին Խնձորեսկի վարչական ղեկավար Երվանդ Մալունցն ասաց, որ գյուղին հասցված վնասները հաշվարկել են, սակայն այս պահին կոնկրետ թիվ չի կարող նշել։

«Մեր գյուղի անասուններին գողացել են Ջերմուկի սարերից, անասնապահներն անասունները տարել են այնտեղ պահելու»,- նշեց Երվանդ Մալունցը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է գյուղում այսօր տիրող իրավիճակին, Երվանդ Մալունցը փոխանցեց, որ սեպտեմբերի 13-ին թշնամին գյուղի վրա չի կրակել, այս պահին իրավիճակը  նորմալ է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ՝ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունում մասնավորապես նշված է․ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի  իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Նշենք նաև, որ թշնամին շարունակում է պարբերաբար կրակել հայկական դիրքերի վրա, երեկ էլ, ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ժամը 19:40-20:00-ն Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:  Իսկ սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների արձակած կրակոցների հետևանքով հայկական կողմը 3 զոհ ուներ։

Տեսանյութեր

Լրահոս