«Խաղաղության պայմանագիր» եզրույթը խիստ խնդրահարույց է, ելնում է կանխավարկածից, որ ունենք ագրեսոր. Ադրբեջանի նարատիվում ագրեսորը Հայաստանն է. Լևոն Գևորգյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանն է:
- «Խաղաղության պայմանագիր» եզրույթը խիստ խնդրահարույց է, ելնում է կանխավարկածից, որ ունենք ագրեսոր. իսկ Ադրբեջանի նարատիվում ագրեսորը Հայաստանն է:
- Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի կայքէջում ներկայացված «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ հրապարակումը համապատասխանում է օբյեկտիվ իրականությանը. դա հաստատել կարող է միայն ադրբեջանական կողմը: …Ենթադրենք, թե տեղեկատվությունը ճիշտ է, և ինֆորմացիայի աղբյուրն անհայտ սուբյեկտ է, ապա այն հասարակության համար իրավական հետևանք չի կարող ունենալ:
- Եթե ադրբեջանական կողմը սկսում է ցիտել 19-20-րդ դարերի քարտեզներ, ագրեսիայի դրսևորման դեպքերի հետ գործ ունենք:
- Եթե ինքնիշխան պետությունը ենթարկվում է ուժի սպառնալիքի, ապա Հայաստանը բանակցելու բան չունի, պետք է դիմել ՄԱԿ-ին: Պետք է հասանելի դարձնել սեփական ժողովրդին և միջազգային հանրությանը:
- Մի կողմն անընդհատ մեծացնելով խաղադրույքները՝ ստիպում է մյուս կողմին մտնել խաղի մեջ: Ադրբեջանն անընդհատ իջեցնում է խաղադրույքը, իսկ հայկական կողմը պարտվում է այս խաղում:
- Հայաստանը միջազգային հանրությանը չի ներկայացնում իր տարածքների իրավական դոկտրինը, չի ներկայացնում, թե իրականում ինչ ակնկալիք ունի:
- 800 քառակուսի կիլոմետր ձևակերպումը խիստ խնդրահարույց է՝ սահմանափակվում է հնարավորությունների շրջանակը:
- Ադրբեջանը սեպտեմբերյան ագրեսիայի շնորհիվ հայկական կողմին տվեց խաղաքարտ, հայկական կողմը կարող էր միջազգային հանրությանը ներկայացնել, որ դրանք արվել են ուժի սպառնալիքի ներքո, բայց հայկական կողմը չի ուզում օգտվել այդ հնարավորությունից:
- Եթե փաստաթուղթը բանակցվել է ուժի սպառնալիքի ներքո, ապա դա հակասում է ՀՀ Սահմանադրությանը և հռչակագրին:
- Պաշտոնական լիազորությունների սահմանազանցման լուրջ խնդիրներ պետք է դրվի ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի նկատմամբ՝ պատերազմի վերջին օրերին մի շարք քայլերի առնչությամբ:
- Մինչև փաստաթղթի շուրջ բանակցելը ՀՀ-ն պետք է ուղերձ հղեր միջազգային հանրությանը, որ ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից:
- Նոյեմբերի 9-ի փաստաթղթում կան զինադադարին բնորոշ ձևակերպումներ, բայց կան նաև սահմանադրականությանն առնչվող կետեր:
- Անհնար է ստորագրել «Խաղաղության պայմանագիր»՝ առանց նախապես ՍԴ փորձագետների քննությանը ներկայացնելու:
- ՀՀ-ն չի կարող ապավինել միջազգային իրավական գործընթացին և դրան զուգահեռ՝ քաղաքական վիճահարույց հայտարարություններ անել: