Նման խոսակցության ներկա չեմ եղել, ՀՀ-ում նման հարց չի կարող քննարկվել. Սիմոնյանը՝ միութենական պետության գաղափարի մասին
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը միութենական պետություն ստեղծելու և Հայաստանը դրա մաս դարձնելու վերաբերյալ խոսակցության ռուս գործընկերների հետ ներկա չի եղել, Հայաստանում նման հարց չի կարող քննարկվել:
Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
Լրագրողները ԱԺ նախագահին հիշեցրին «Հայկական ժամանակ»-ում հրապարակված հոդվածում նշված միտքը՝ «Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս»:
Հարցին, թե կա՞ արդյոք Ռուսաստանից հնչող նման պահանջ, պարտադրանք՝ ԱԺ նախագահն ասաց. «Նման որևիցե խոսակցության ես իմ ռուս գործընկերների հետ ներկա չեմ եղել: Նման խոսակցություն չկա, ինձ համար չի էլ կարող լինել: Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը քննարկման ենթակա չեն: Բացառում եմ, որ նման բան լինի, ու ես չիմանամ»:
Անդրադառնալով դրա առնչությամբ Ռուսաստանի ցանկության հարցին՝ ԱԺ նախագահն ասաց, որ չի կարող ասել, թե ով որտեղ ինչ ցանկություն ունի: «Հայաստանի Հանրապետությունում նման հարց չի կարող քննարկվել»:
Անդրադառնալով հստակեցնող հարցին՝ այսինքն չի բացառո՞ւմ, որ ՌԴ-ում կա նման ցանկություն՝ Սիմոնյանն արձագանքեց. «Ես չգիտեմ՝ Ռուսաստանում կա՞. Ադրբեջանում էլ, Թուրքիայում էլ կարող է ինչ-որ ցանկություն լինել, ես իրենց ցանկությունների մասին չեմ կարող խոսել: Ես նորից եմ ասում՝ նման խոսակցության ես ականատես չեմ եղել, և ինձ համար դա անքննելի է: Կրկնել եմ ու միշտ կրկնելու եմ՝ Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունն անքննելի են»: