«Նույնիսկ այդ կետերի կատարմամբ և «խաղաղության պայմանագիր» հորջորջվող թղթի ստորագրմամբ ոչինչ չի ավարտվելու». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե ոմանց թվում է, թե «հավաստի աղբյուրի» բացահայտած թշնամական հինգ կետերը Բաքվի բռնապետսկան վարչախմբի վերջին պահանջներն են, ապա նրանք չարաչար սխալվում են։ Սխալվում են հենց այնպես, ինչպես սխալվում էին՝ կարծելով, թե թշնամուն Արցախի յոթ շրջանների զիջումը բերելու է խաղաղության։

Նույնիսկ այդ կետերի ամբողջական կատարման և դրա վերաբերյալ «խաղաղության պայմանագիր» հորջորջվող թղթի ստորագրմամբ ոչինչ չի ավարտվելու, այլ միայն սկսվելու է թշնամական պահանջների հաջորդ «փաթեթի» առաջքաշումը, որով արդեն լավագույն դեպքում իբր «լայն ինքնավարություն» կառաջարկվի Էրմանիսթան անունով երկրամասին։

Մենք՝ որպես ազգ և պետություն, ի վերջո, պետք է մեկընդմիշտ հասկանանք և արձանագրենք, որ չի կարելի երկրորդ անգամ մտնել միևնույն գետը, և փրկություն չի լինելու, եթե չվերականգնվի ուժային հավասարակշռությունը, ուստի այսօր պետք է հայտարարվի միայն մեկ համազգային օրակարգ՝ թշնամուն զսպելուն և նրա նկատմամբ հետագա գերակայության հասնելուն միտված Հայաստանի վերականգնումը։

Տեսանյութեր

Լրահոս