Քաղաքացին հրաժարվել է խնամքի հաստատություն կամ կացարան տեղափոխվելու առաջարկից. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները կգնան փողոցում հայտնված կնոջ հետքերով
Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Աննա Գարեգինյանն իր էջում գրել էր Երևանի Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում նստարաններին քնող 70-ն անց Շուշանիկ տատիկի մասին: Ֆեյսբուքյան օգտատերը փոխանցում է տիկնոջ պատմությունը:
«Պատմեց, որ Շինարարներ ա ապրել, տնից հանել են միսիոներներն ու տնեցիները, ու սենց երկար պատմություն։ Ասում ա՝ Քաղաքապետարանում էլ, Բաղրամյանում էլ, բոլոր տեղերում գիտեն իրա խնդիրը, բայց ասում են՝ մեր իրավասությունների մեջ չի էս հարցի լուծումը։ Ոստիկանություն զանգել եմ, խնդրել տեղավորեն տատիկին, ասել են՝ տեղյակ են, բայց տատիկը չի ուզում իրանց տարածքը սպասարկող բաժին գնա, դիմում գրի, հո չե՞ն պարտադրելու։ Կարծում եմ՝ տատիկն ուղղակի վախենում ա։ Հետը խոսելուց հոգեկան խնդիր չնկատեցի»,- գրել է ֆեյսբուքյան օգտատերը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից 168.am-ին հայտնեցին, որ քաղաքացու մոտ և երեկ, և այսօր եղել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության սոցաշխատողները, Անօթևանների ժամանակավոր կացարանի աշխատակիցները՝ հոգեբան, բուժաշխատող։ Քաղաքացուն առաջարկվել է տեղափոխվել խնամքի հաստատություն կամ կացարան, բայց նա հրաժարվել է, իսկ առանց քաղաքացու համաձայնության՝ նախարարությունը նման իրավասություն չունի:
«Այսօր այց կկատարեն ՄՍԾ-ից, կհասկանանք կարիքը, կտեսնենք՝ ունի՞ հարազատներ, թե՞ ոչ»,- ասացին նախարարությունից:
Նշենք, որ տատիկին ճանաչող քաղաքացիները գրել են, որ նա աղջիկ ունի:
«Ճանաչում եմ, տարիներ շարունակ Շինարարներ փողոցում մուրացկանություն էր անում: Քայլում փողոցի մի ծայրից մյուսը, դրամ կամ փոքր խանութներից սնունդ մուրում: Չգիտեմ ինչու՝ ոչ ոք չէր սիրում իրեն, բայց ձեռքի տոպրակը միշտ լիքն էր լինում: Այդ ժամանակ ավելի երիտասարդ էր, կարող էր աշխատել, բայց չգիտես, թե ինչու, փող էր մուրում»,- գրել է օգտատերերից մեկը:
Մեկ այլ օգտատեր էլ հայտնել է, որ հանրակացարաններից մեկում գրանցված են եղել, դա փլուզման ենթակա է եղել, ժամանակավոր, թե մշտական պետությունը Շինարարների փողոցի բնակարանն է հատկացրել: