«Այս պահին միայն կարող եմ հավելել, որ վայրը տեղորոշված է». ՊՆ խոսնակը՝ հայ ռազմագերիների տեսանյութի մասին

Ադրբեջանական տելեգրամյան ալիքները երեկ ակտիվորեն տարածում էին տեսանյութ, որտեղ ցուցադրվոմ էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները վայրագաբար գնդակահարում հայ ռազմագերիներին։

Այս տեսանյութից հետո Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում գրել էր, որ «Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ գերիներին ազատ արձակելու իր խոստումը։ Առաջին դեպքը մայիսին էր, երբ Բրյուսելում խոստում տրվեց, իսկ երկրորդը՝ հիմա, երբ Վաշինգտոնում Ադրբեջանը պարտավորվեց ազատ արձակել 17 հայ գերիների մինչև սեպտեմբերի 30-ը»։

Թեմայի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում նույնաբովանդակ գրառում էր կատարել նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը.

«Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իմ և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ եռակողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ն Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին: Արձանագրենք, որ հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը»:

Կարդացեք նաև

Երեկ Թվիթերում գրել էր նաև Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը.

«Եվս մեկ սարսափելի տեսանյութ է հայտնվել, որում հայ ռազմագերիներն ակներևաբար մահապատժի են ենթարկվում: Եթե ապացուցվի, որ այդ տեսանյութն իսկական է, ապա դա պատերազմական հանցագործություն է, որը պետք է քննվի, և կատարողները պատժվեն», – շեշտել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչը:

168.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն ասաց, որ Պաշտպանության նախարարությունը երեկ մեկնաբանություն տվել է, դրան ավելացնելու որևէ բան չունի։

«Այս պահին միայն կարող եմ հավելել, որ վայրը տեղորոշված է, սակայն չեմ կարող տեղանքը նշել»,- շեշտեց Արամ Թորոսյանը։

Իսկ երեկ ՊՆ մամուլի քարտուղարն ասել էր, որ համապատասխան մարմիններն ուսումնասիրում են տեսանյութը:

«Իսկության մասով, կարծում ենք, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է։ Այդ ձեռագիրը մեզ և միջազգային հանրությանը հայտնի է նախորդիվ տեղի ունեցած նույնանման դեպքերի վերաբերյալ անհերքելի ապացույցներից»,- ասել է Արամ Թորոսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ՝ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունում մասնավորապես նշված է․ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի  իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 28-ին ադրբեջանաան կողմը կրկին հարձակվել էր Հայաստանի վրա, որի արդյունքում հայկական կողմն ունեցել է 3 զոհ։

Տեսանյութեր

Լրահոս