Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչն անդրադարձել է Սինցզյանում մարդու իրավունքների վիճակի մասին ՄԱԿ-ի զեկույցին
Չինաստանի արտաքին գործերի նախարարության Մարդու իրավունքների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լի Ծիաոմեյը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Չինաստանի Սինցզյան ինքնավար մարզի վերաբերյալ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի զեկույցին, որում մարդու իրավունքների խախտումների մասին արձանագրումներ կան:
Չինաստանի միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի նախաձեռնած ծրագրին մասնակցող մի շարք լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լի Ծիաոմեյը, անհամաձայնություն հայտնելով զեկույցում տեղ գտած շեշտադրումների հետ, նշեց, որ Չինաստանում մեծ կարևորություն են հատկացնում մարդու իրավունքների պաշտպանությանը: Նա նշեց, որ մարդու իրավունքները հարգելն ու պաշտպանելն ամրագրված է Չինաստանի սահմանադրության, ինչպես նաև Չինաստանի Կոմունիստական կուսակցության կանոնադրության մեջ: «Այդ հարցերը ներառված են զարգացման ազգային ռազմավարություններում և պլաններում»,- ասաց նա:
Նա հիշեցրեց, որ Չինաստանը միակ երկիրն է, որը վավերացրել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործողությունների 4 ազգային պլան:
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշեց, որ Չինաստանում մարդու իրավունքների վերաբերյալ նման զեկույցներով փորձ է արվում միջամտել երկրի ներքին գործերին:
Նա նշել է, որ հարցին պետք է նայել այն համատեքստում, որ Սինցզյանում երկար ժամանակ պայքարել են ահաբեկչության և արմատականության դեմ: Նրա խոսքով՝ ավելի քան 5 տարի այնտեղ ահաբեկչության լուրջ դեպքեր չեն արձանագրվել, սոցիալական անվտանգության իրավիճակը կարգավորվել է, և մարդիկ վերադարձել են խաղաղ ու բնականոն կյանքին: «Սինցզյանին վերաբերվող հարցերն էթնիկ պատկանելության, կրոնի կամ մարդու իրավունքների մասին չեն: Դրանք ահաբեկչությանը, արմատականությանը, անջատողականությանը դիմակայելու մասին են»,- ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը՝ նշելով, որ ամեն ինչ անելու են Չինաստանի սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային անվտանգությունը պաշտպանելու համար:
Լի Ծիաոմեյը հավելել է, որ վերջին տարիներին Սինցզյանը կայուն տնտեսական աճ է ունեցել, սոցիալական ներդաշնակություն և կայունություն է եղել և ավելի լավ կյանքի ստանդարտներ են գործում: