Քերոբյանը խոստացել էր 15-20 օրվա ընթացքում հրապարակել լաստանավի չվացուցակը. Անցել է մեկ ու կես ամիս, չվացուցակ չկա, լաստանավ՝ առավել ևս

Այն բանից հետո, երբ ռուս-ուկրաինական հակամարտության ու Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներով պայմանավորված, Վերին Լարսի անցակետով տրանսպորտային հոսքերը կտրուկ ավելացան՝ հանգեցնելով կիլոմետրանոց հերթերի գոյացման, կառավարությունը որոշեց կազմակերպել լաստանավային փոխադրումներ՝ հայաստանյան բեռնափոխադրողների հոգսերը ինչ-որ կերպ թեթևացնելու համար։ Դա այս տարվա մարտի 24-ին էր։ Անցել է 6 ամսից ավելի, բայց լաստանավը չկա ու չկա։

Ահա, թե ինչպիսի օպերատիվությամբ է աշխատում կառավարությունը։

Տարին մոտենում է ավարտին, սակայն նույնիսկ հայտնի չեն լաստանավի գործարկման մոտավոր ժամկետները։ Չնայած այս ընթացքում էկոնոմիկայի նախարարը բազմիցս ժամկետներ է նշել ծովային փոխադրումները մեկնարկելու վերաբերյալ։

Դեռևս հունիսի սկզբին էր նախարարը հավաստիացնում, որ Սև ծովում հայկական լաստանավը ժամանակին կաշխատի ու կարագացնի փոխադրումները։

Կարդացեք նաև

«Օրերս կառավարության անդամները համաձայնեցրին լոգիստիկ ընկերությունների հետ աշխատանքի կարգը։ Մնում է միայն Վրաստանի նավահանգիստներում դրա տեղակայման թույլտվություն ստանալ։ Վրաց գործընկերների հետ հարցերը կլուծվեն մոտ ապագայում»,- վստահեցնում էր Վահան Քերոբյանը։

Ի սկզբանե նախատեսվում էր, որ փոխադրումները պիտի իրականացվեին արդեն հունիսի 15-ից։

«Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, լաստանավը պետք է գործարկվի արդեն հունիսի 15-ին։ Այն կկարողանա ընդունել փչացող և մեծ չափերի բեռների գոնե մի մասը»։ Սա էկոնոմիկայի նախարարի հայտարարությունն է, որն արվել է դեռևս հունիսի 6-ին։ Դրանից 9 օր հետո լաստանավը պիտի դուրս գար բաց ծով, բայց, իհարկե, դուրս չեկավ։ Մինչև հիմա էլ դուրս չի եկել։

Մեկ ու կես ամիս առաջ էլ նախարարը չվացուցակները հրապարակելու մասին էր խոսում։ Դրանք պիտի լինեին 15-20 օրվա ընթացքում։

«Մենք հիմա վերջնական աշխատանք ենք անում, շուտով կհրապարակվի չվացուցակը, 15-20 օրերի հարց է»,- այս հայտարարությունն էլ նախարար Վահան Քերոբյանն արել է օգոստոսի 11-ին։

Դրանից հետո ամիս ու կես է անցել, բայց չվացուցակները հրապարակված չեն, չնայած, նախարարի ասելով, պիտի հրապարակվեին 15-20 օրվա ընթացքում։ Եթե չեն հրապարակվել, նշանակում է, ինչ-որ բան էլի այն չէ։

Կապ չունի, թե ինչով են պայմանավորված այս ձգձգումները, դրանք ցույց են տալիս կառավարության ու կառավարության անդամների անպատասխանատու վերաբերմունքն իրենց հայտարարությունների ու խոսքի նկատմամբ։ Մեկ անգամ չէ, որ նման դեպքերի ենք ականատես լինում։ Չկշռադատված կամ գուցե միտումնավոր հայտարարություններ են անում, խոստում են տալիս ու ահա այսպես հայտնվում զավեշտալի վիճակում։

Հունիսի 15-ին լաստանավը պիտի գործեր՝ ի օժանդակություն հայկական բեռնափոխադրողների, ովքեր օրերով ու շաբաթներով մնում են Լարսի անցակետում, կիլոմետրերով ձգվող խցանումների մեջ։ Տարին ավարտվում է, իսկ լաստանավը չի գործարկվել։

Այնպես չէ, որ սրանով շատ մեծ խնդիրներ են լուծվելու բեռնափոխադրողների համար, բայց դա էլ մի բան է։

Հայտնի է, որ լաստանավային փոխադրումներն այն փոխադրումները չեն, որոնք կարող են իրական այլընտրանք լինել ցամաքային փոխադրումներին, նույնիսկ այն պարագայում, երբ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել իր վրա վերցնել տեղափոխման ծախսերի մի մասը։ Լաստանավային փոխադրումները ոչ միայն ծախսատար են, այլև ժամանակատար։ Այդպիսի փոխադրումները սովորաբար ավելի երկար են տևում, չհաշված այն բազմաթիվ քաքշուկներն ու դժվարությունները, որոնց փոխադրողները բախվում են գործընթացի կազմակերպման ընթացքում։

Սրանք են պատճառները, որ տարբեր ժամանակներում լաստանավային փոխադրումներ կազմակերպելու փորձերը արդյունք չեն տվել։ Կարճ ժամանակ գործելուց հետո այն դադարեցրել է աշխատանքը։

Բոլոր թերություններով հանդերձ, այնուհանդերձ լաստանավային փոխադրումներն այս փուլում կարող էին որոշ օժանդակություն լինել բեռնափոխադրողներին՝ հատկապես այնպիսի բեռների տեղափոխման համար, որոնք ժամանակային առումով խնդիրներ չեն առաջացնում, չկա փչանալու հավանականություն։ Այդպիսի բեռները շատ չեն, բայց կան, ու դրանց փոխադրումը Լարսի ծանրաբեռնված աշխատանքի պայմաններում կարելի էր կազմակերպել լաստանավով։ Սակայն ժամանակն անցնում է, իսկ գործը տեղից չի շարժվում։

Հույս էլ չկա, որ այն շուտ կգործարկվի կամ ընդհանրապես կգործարկվի։

Մինչդեռ, աշնանային վարարումներն ու ձմռան տեղումները սարերի հետևում չեն։ Դրանց հետևանքով սովորաբար ավելի հաճախակի են բեռնափոխադրողները բախվում ճանապարհների փլուզումների, փակվելու ու անցանելիության հետ։

Չնայած այնպես չէ, որ Լարսում հիմա խցանումներ չկան։ Կիլոմետրանոց հերթերն այսօր էլ պահպանվում են։ Բեռնափոխադրողները ստիպված են օրերով հերթի մեջ մնալ՝ անցակետը հատելու համար։

Այն բանից հետո, երբ հայտարարվեց ՌԴ-ում մասնակի զորահավաք կազմակերպելու մասին, Լարսի ծանրաբեռնվածությունը մեծացել է նաև Ռուսաստանից քաղաքացիների հոսքերի կտրուկ ավելացման հետևանքով։

Լարսով բեռնափոխադրումներ կազմակերպելու հետ կապված խնդիրներ եղել են ու առաջիկայում դեռ շարունակելու են լինել։ Թեև որպես այլընտրանք՝ իշխանությունները դիտարկում են մեկ հնարավորություն՝ լաստանավային փոխադրումները, բայց դա էլ չեն կարողանում կազմակերպել։ Գործընթացը ամիսներով ձգձգվում է ու տեղից չի շարժվում։

Ժամանակին էլ անցակետով ծագող խնդիրները հրատապ լուծելու, բեռնափոխադրողներին օժանդակելու համար հատուկ ներկայացուցիչ նշանակեցին, պետական բյուջեի հաշվին գումարներ ու միջոցներ հատկացրեցին, բայց էլի անարդյունք։ Հատուկ ներկայացուցիչն ամիսներ առաջ հրաժարական տվեց, իսկ նոր ներկայացուցիչ այդպես էլ չնշանակվեց։ Նշանակելու իմաստն էլ հավանաբար չկա։ Նախկինում էլ չկար, բայց ձև անելու համար, թե մտածում են բեռնափոխադրողների մասին, այդպիսի հաստիք ստեղծեցին, որը, սակայն, այդպես էլ ոչինչ չտվեց։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս