Բաժիններ՝

«Էդվարդի զոհվելու լուրն իմանալուց հետո, դուրս են եկել փողոց, ինքնաբուխ է ստացվել՝ անճարությունից ու անզորությունից են արել». Ապարանի ավագ դպրոցի տնօրեն

Սեպտեմբերի 28-ին, երբ Ադրբեջանը հերթական անգամ հարձակվեց Հայաստանի ինքնիշխան Հանրապետության վրա, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում հայկական կողմն ունեցավ երեք զոհ։

Պաշտպանության նախարարությունը մեկ օր անց հրապարակեց զոհերի անունները. փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյան, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյան և շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյան:

Էդվարդ Հովհաննիսյանը Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից էր։ Սեպտեմբերի 29-ին, նրա հարազատ՝ ֆիզիկակամաթեմատիկական ավագ դպրոցի սաները և մի քանի ուսուցիչ փակել էին դպրոցի հարակից փողոցը՝ ի նշան բողոքի։ Մի քանի րոպե փողոցը փակելուց հետո, միայն ոստիկանների հորդորով  բացեցին այն։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Նվարդ Բարսեղյանն ասաց, որ Էդվարդի դպրոցի ընկերները, ուսուցիչները փողոցը փակելով՝ արտահայտել են իրենց զայրույթը։

«Մեր դպրոցը հենց ճանապարհի վրա է, 50 մետր հեռավորության վրա, Էդվարդի զոհվելու լուրն իմանալուց հետո, այդ ցավի տակ դուրս են եկել փողոց, ինքնաբուխ է ստացվել՝ անճարությունից ու անզորությունից են արել։ Մի քանի րոպե մնալուց հետո փողոցը բացել են ու եկել դասի, ոստիկանությունը եկել է, որպեսզի երթևեկությունը վերականգնի, կարգը պահի, աշակերտներն էլ բացել են փողոցը։ Այլ բան չի եղել, իրենց պահանջն այն էր, որ այս ամենին վերջ տրվի, ու սահմանին կորուստներ չլինեն»,- մեզ հետ զրույցում փոխանցեց Նվարդ Բարսեղյանը։

Էդվարդ Հովհաննիսյանը տնօրենի աշակերտն է  եղել, նրա մայրը նույնպես աշխատում է նույն դպրոցում։

«Այսօր Էդվարդի հուղարկավորությունն էր։ Ե՛վ 44-օրյա պատերազմում, և՛ վերջին հարձակման հետևանքով ունեցել ենք զոհեր, 5 հոգի 44-օրյայի ժամանակ են զոհվել, բայց 27 հոգի է մեր պանթեոնում հուղարկավորված։ Ավագ դպրոց է, բոլորն էլ իմ աշակերտներից են եղել։

Փողոց դուրս եկած աշակերտներիս հետ խոսեցի, ասացի՝ ինչ էիք ուզում, դե, պատասխանեցին, որ չգիտեն, երեխեքն անզորությունից էին փողոց դուրս եկել։ Դրանից հետո էլ բան չեն արել, այսօր Էդվարդի հուղարկավորւթյանը բոլորս մասնակցեցինք, թողեցինք եկանք, ի՞նչ անենք, ի վերջո, այս ամենը չէ, շատ են։ Դե զայրույթ է, պոռթկացին ու վերջ»,- եզրափակեց Նվարդ Բարսեղյանը։

Տեսանյութեր

Լրահոս