Զեղչված բազմաբովանդակ գրականություն, գրողների հետ հանդիպումներ, շնորհանդեսներ. մեկնարկեց Գրքի երևանյան 5-րդ փառատոնը
Հինգերորդ անգամ Գրքի երևանյան փառատոնը տոն կպարգևի գրի, գրականության երկրպագուներին՝ մեկ հարկի տակ համախմբելով հրատարակիչների, գրողների, ոլորտի այլ ներկայացուցիչների ու ընթերցասերների: Փառատոնի շրջանակում կկազմակերպվի վաթսուն միջոցառում, կգործի բացառիկ զեղչով գրքի տոնավաճառ, կանցկացվեն գրական հանդիպումներ, վարպետության դասեր, ընթերցումներ, շնորհանդեսներ, գրական մրցանակաբաշխություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնը, որը նվիրված է Վահագն Դավթյանի 100-ամյակին, մեկնարկեց պարային խորհրդանշական կատարմամբ, գրողի մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ, որում ընդգծվում էր Դավթյանի սերը հայրենիքի, հայ ժողովրդի նկատմամբ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը գրահրատարակիչների, թարգմանիչների, ոլորտի այլ ներկայացուցիչների կատարած աշխատանքը բարոյական սխրագործություն համարեց: «Աշխարհը խենթացել է, մեր թշնամին ավելի սանձարձակ է դարձել: Նա պահանջում է հրաժարվել մեր տարածքներից, մեր իրավունքներից և ապրելու ցանկությունից»,-շեշտեց Խզմալյանը:
Նա ընդգծեց, որ երկար քննարկումներից հետո են որոշել կյանքի կոչել փառատոնը, քանի որ իրավունք չունեն կաթվածահար անելու հանրային կյանքը, իրավունք չունեն թուլանալու, ընկրկելու: Խզմալյանի խոսքով՝ գրահրատարակչական ոլորտը, թարգմանական արվեստը խորը արմատներ ունեն, և դրա լավագույն փաստն ու ամենամեծ խորհրդանիշը Մաշտոցի պողոտայի բարձունքում շողշողացող Մատենադարանն է: «Այն գանձերը, որոնք պահվում են այդ շենքում, ստեղծվել են գոյաբանական սպառնալիքի պայմաններում: Եթե այսօր յուրաքանչյուր մարդ պատասխանատվություն չկրի այն սխրանքների համար, որոնք մեր հայրերն են գործել, մենք կպարտվենք: Վստահ եմ, որ այս գիտակցությունը կա, և Գրքի երևանյան փառատոնը դրա վառ վկայությունն է»,-հավաստիացրեց Արա Խզմալյանը:
Հինգերորդ փառատոնը առանձնանում է միջազգային ընդգրկմամբ: Միջոցառման գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանն ասաց՝ հրավիրել են անվանի գրողների Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սլովենիայից, Կիպրոսից: Նրանց թվում են Եվգենի Վոդոլազկինը, Ալեքսեյ Սալնիկովը, Կլաուդիո Պոցցանին, Մաքսիմ Ամելինը, Մայա Կուչերսկայան, Մարտին Սոլոտրուկը, Շալվա Բակուրաձեն, Լիլի Միխաիլիդիսը և տասնյակ ուրիշներ։
«Մասնակցում է 35 հրատարակչություն, 165-ից ավելի գրող դիմել է գրական մրցույթին մասնակցելու համար, որն անցկացվում է «Արձակ», «Պոեզիա», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում: Մրցույթի արդյունքները հայտնի կդառնան փակման արարողությանը»,-նշեց Սարգսյանը և ընդգծեց, որ փառատոնի հաջողության մասին խոսում են հազարավոր այցելուները, որոնք ամեն տարի անհամբերությամբ են սպասում տոնի մեկնարկին:
Փառատոնին Մոսկվայից հյուրընկալվել են Թարգմանության ինստիտուտի ներկայացուցիչները, որոնք հանրությանը ներկայացնում են ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ: Ինստիտուտի գործադիր տնօրեն Եվգենի Ռեզնեչենկոն տեղեկացրեց, որ 2010-2012 և 2014 թվականներին են Հայաստանում մասնակցել նմանատիպ միջոցառումների: «Այս ձևաչափով առաջին անգամ ենք ներկայանում: Մեզ հետ 16 ռուս գրող է եկել, ներկայացնում ենք 300-ից ավելի գրքեր: Ցանկանում ենք զարմացնել հայ հասարակությանը: Վաղեմի կապեր ունենք նաև հայ հրատարակիչների հետ, որոնք ռուս գրականությունը թարգմանում են հայերեն և նրանց հետ ևս համագործակցելու ենք»,-նշեց նա:
Ռեզնեչենկոն ընդգծեց, որ հատկապես հիմա Ռուսաստանում երիտասարդները շատ են կարդում նոն-ֆիքշն, գիտահանրամատչելի գրականություն: «Ի վերջո ի՞նչ է պետք երիտասարդներին. հասկանալ հարաբերությունները, հասկանալ, թե որն է նրանց տեղը կյանքում: Վերջին տարիներին գրական, գեղարվեստական բում է երկրում, իսկ պետությունը աջակցում է թե՛ գրողներին, թե՛ արտասահմանյան գրականության թարգմանությանը»,-եզրափակեց ինստիտուտի գործադիր տնօրենը:
«Բուկինիստի» հիմնադիր և տնօրեն Խաչիկ Վարդանյանի հավաստիացմամբ՝ գրքի տարածմանն ու հանրայնացմանը նվիրված յուրաքանչյուր միջոցառում օգտակար է, քանի որ նման նախաձեռնություններն առաջին հերթին տեղեկատվություն են հաղորդում նոր գրքերի մասին, նպաստում են ընթերցանության նկատմամբ հետաքրքրության մեծացմանը: «Մենք ներկայացնում ենք ինչպես ավելի վաղ, այնպես էլ վերջերս հրատարակած, ՌԴ-ից, Անգլիայից ներմուծված գրքեր, որոնք մեծ պահանջարկ ունեն: Գրքերը վաճառում ենք 30 տոկոս զեղչով»,-նշեց նա:
Վարդանյանը հիշեցրեց, որ այս տարի Մաշտոցի 20 հասցեի «Բուկինիստը» տոնում է անդադար գործունեության 90-րդ տարին, ինչի առթիվ դեկտեմբերին մի շարք հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպելու:
«Զանգակ» հրատարակչությունը փառատոնին մասնակցում է՝ ներկայացնելով տարբեր ժամանակներում լույս ընծայված գրքերը: Հրատարակչության հանրային կապերի պատասխանատու Սյուզան Չիչակյանը տեղեկացրեց, որ առաջիկայում հրատարակելու են «Իլիականը», «Ոգիների տունը», «Ոզնու նրբագեղությունը», «Երբ մենք որբ էինք» գրքերը: «Բոլոր գրքերը հանրության դատին կհանձնենք հետաքրքիր շնորհանդեսներով, իսկ փառատոնի շրջանակում զեղչով գրքերից բացի նաև տաղավար ունենք, որտեղ գրքասերները կարող են միանալ մեր թիմին՝ համալրելով թափուր հաստիքները»,-հայտնեց Չիչակյանը:
«Անտարեսը» փառատոնային օրերին ժամանակակից հայ գրողների գրքերի շնորհանդեսներ է կազմակերպելու: Ներկայացնելու են Գուրգեն Խանջյանի «Համավարակ» վեպը, Հուսիկ Արայի «Կորած սերունդ», Լուսինե Եղյանի «Ինքնահոսի», Վահրամ Մարտիրոսյանի «Մեջքով երազի քո կեսին հենված» ժողովածուները, Ջեսահի «Ալ մոնումենտ կամ մեծ մութը», Համլետ Առաքելյանի «Անմահների ակադեմիա» վեպերը: «Առաքելյանի վեպը ֆենթզի է: Շատերս ենք սիրում այդ ժանրի արտասահմանյան գրականությունը, բայց կան նաև հայ հեղինակներ: Հույս ունեմ, որ շատերը կմեծանան՝ հենց նրա գործերն ընթերցելով»-ասաց հրատարակչության հանրային կապերի ղեկավար Ռոզա Գրիգորյանը:
Արձակագիր, «Էդիթ պրինտի» մարքեթինգի պատասխանատու Դավիթ Սամվելյանը կարևորում է փառատոնի անցկացումը, քանի որ այն գրողներին, հրատարակիչներին, գրավաճառներին, գրական գործակալներին ծանոթանալու առիթ է տալիս: «Այս տարին առանձնանում է արտերկրի գրողների և հրատարակիչների ներկայությամբ, ինչը հրաշալի է, իսկ մենք և՛ երեխաների, և՛ պատանիների, և՛ մեծերի համար գրքեր ենք ցուցադրում. վերահրատարակել ենք Րաֆֆու «Խենթը», Մայն Ռիդի «Անգլուխ ձիավորը, դպրոցականների համար արտադասարանային գրքեր ենք ներկայացնում, բիզնես գրականություն, Ռեմարկի և Ագաթա Քրիստիի գործերը և այլ գրքեր»,-հայտնեց Սամվելյանը, որն օրերս լույս է ընծայել իր «Չորրորդ փողոցը» գիրքը:
Տարվա ամենասպասված գրական իրադարձությունն անցկացվում է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը: Միջոցառումներ են նախատեսվում ոչ միայն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, այլև Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Ռուսական արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային գրադարանում, Երևանի պետական համալսարանում, Հայ-ռուսական սլավոնական համալսարանում, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում, «Զանգակ» գրատանը:
Գրքի երևանյան հինգերորդ փառատոնի կազմակերպիչը Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն է:
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի