Սոթքի բնակիչ Սարգիս Հարությունյանի տնտեսությունը լուրջ վնասներ է կրել ադրբեջանական ագրեսիայից
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք գյուղի բնակիչ, մեխանիզատոր Սարգիս Հարությունյանի տնտեսությունը լուրջ վնասներ է կրել 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով։ Ինչպես տեղում «Արմենպրես»-ին ներկայացրեց Սարգիս Հարությունյանը, 2022 թվականի սեպտեմբերի 13-ի կեսգիշերից թշնամու կողմից հրթիռահրետանային կրակոցներով թիրախավորվել են իր տունն ու բակը, ինչի հետևանքով ավերվել է իր բնակարանը, վնասվել անձնական օգտագործման մեքենան, 6 միավոր գյուղտեխնիկա՝ կոմբայն եւ տարբեր տրակտորներ, սատկել է երկու գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 3 հեկտար կարտոֆիլի բերք էլ մնացել է հակառակորդի ուղիղ նշանառության տակ։
«Հրետակոծության հետեւանքով փլվել է տանիքի մի հատվածը, վնասվել են լուսամուտներն ու պատերը, արկերի բեկորները տարածվել են սենյակներով ու բակով մեկ։ Վնասվել է ձեռքս եւ գլուխս, բարեբախտաբար, տան մյուս անդամները կարողացան հրաշքով պրծնել այդ աղետից։ Վնասների չափը շատ մեծ է, դա կարող են հաստատել համապատասխան կառույցները, սակայն այդ վնասներին գումարվում է եւս մեկը՝ թշնամու ուղիղ նշանառության տակ հայտնված 3 հեկտար կարտոֆիլի բերքը, որից չհասցրի թեկուզ 1 կիլոգրամ հավաքել ու երաշխիք էլ առայժմ չունեմ, թե բերքահավաքի համար անվտանգ պայմաններ կստեղծվեն, քանի դեռ այս լարված իրավիճակն է տիրելու»,-ներկայացրեց Սարգիս Հարությունյանը։
Նա ցույց տվեց այն փոսերը, որոնք առաջացել են արկերի պայթյուններից, սենյակներով մեկ՝ անգամ անկողինների մեջ, լցված արկերի բեկորները, դրանցից ծակծկված պատերը, տեխնիկաները՝ նկարագրելով հրետակոծության ընթացքում եւ դրան հաջորդած օրերի ապրումները։
«Հրետակոծության առաջին ակնթարթներից անակնալի եկանք, սարսափի մեջ հայտնվեցինք միանգամից, պատսպարվեցինք առաջին պատահած անկյուններում ու թե ինչ հրաշքով ողջ մնացինք՝ դժվարանում եմ հասկանալ։ Երեխաներին ուղարկել ենք Վարդենիս քաղաք, ես ու կինս մնացել ենք՝ ապահովելու մեր տնտեսության պահպանությունն ու խնամքը։ Իհարկե, դա մեծ ռիսկի հետ է կապված, քանի որ ամեն ակնթարթ թշնամին կարող է կրակել կամ հարձակվել: Բայց մենք այլ տարբերակ չունենք, պետք է դիմանանք, պետք է պաշտպանվենք, պետք է շարունակենք աշխատել ու արարել։ Այս տնտեսությունը ես ստեղծել եմ տարիների ջանքերի գնով՝ 1989 թվականից մինչ օրս։ Մեկ անգամ բռնագաղթել եմ, տեսել դրա սարսափները, երկրորդ անգամ չեմ ուզում նույնը տեսնել։ Ես այստեղ բնակություն հաստատել եմ Ադրբեջանի Խանլարի շրջանի Միրզիկ գյուղից՝ այնտեղ թողնելով շեն տուն ու տնտեսություն։ Հիմա ո՞ւմ թողնեմ այս տունը, տարիների ջանքերով ստեղծված ապրուստի միջոցները, ո՞ւր գնամ, գնալու տեղ չունեմ։ Մենակ խաղաղություն հաստատվի, մնացած վնասները՝ ոչինչ, վերականգնվելու են»,-ասաց Սարգիս Հարությունյանը։
Սարգիս Հարությունյանի տնտեսությանը հասցված վնասները սեպտեմբերի 29-ի այցի ընթացքում տեղում դիտարկել են ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելություն իրականացնող բազմաթիվ երկրների դեսպաններ կամ դեսպանատան ներկայացուցիչներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ։
Խոսրով Խլղաթյան