Միգրացիայի միջազգային կազմակերպությունում հումանիտար ճգնաժամերի թվի կտրուկ աճ են նշել
Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) գլխավոր տնօրեն Անտոնիու Վիտորինուն հումանիտար ճգնաժամերի թվի կտրուկ ավելացում է արձանագրել ամբողջ աշխարհում եւ միջազգային հանրակցությանը կոչ է արել շտապ ակտիվացնելու միջոցները:
«Մենք խնդրում ենք հավասար հարգանքով վերաբերվել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր լքում են իրենց երկիրը լավ կյանքի որոնումներով: Մենք աշխարհում հումանիտար ճգնաժամերի թվի կտրուկ ավելացման վկաներն ենք, եւ միջազգային հանրակցությունը պետք է շտապ ակտիվացնի միջոցները»,- հայտարարել է նա սեպտեմբերի 28-ին la Repubblica թերթում հրապարակված հարցազրույցում:
Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները նա բնորոշել է որպես «արտակարգ հումանիտար իրավիճակ, որը Եվրոպան պետք է լուծի այժմ»: «Ավելի քան 7 միլիոն մարդ հարկադրված է որպես փախստական ապրելու այլ երկրներում, նրանց 50 տոկոսը կորցել է եկամտի ցանկաած աղբյուր:
Նրանք, ովքեր վերադարձել են, համալրում են տեղահանված անձանց շարքերը. նրանք այլեւս տուն, աշխատանք չունեն: 78 տոկոսը տնտեսական աջակցության կարիք ունի: Հիմնականում դրանք կանայք են, երեխաներ, տարեց մարդիկ»,- ասել է Վիտորինուն: Նա նաեւ նշել է, որ «Աֆրիկայի երկրներում դիտվում է իրադրության վատթարացում կլիմայի փոփոխության եւ պարենի ու էներգիայի աղբյուրներից օգտվելու դժվարության պատճառով, ինչի վրա նաեւ ազդեցություն է գործում ուկրաինական ճգնաժամը»:
«2021 թվականին 23,7 միլիոն մարդ հարկադրված է եղել մեկնելու տնտեսական եւ քաղաքական պատճառներով, եւ նրանց թիվը շարունակում է աճել»,- նշել է Միգրացիայի միջազգային կազմակերպության ղեկավարը: Ավելի վաղ ՄԱԿ-ի Փաստականների գործերով գերագույն կոմիսարի վարչությունը հաշվել է, որ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչեւ սեպտեմբերի 13-ն Ուկրաինայից Եվրոպայի երկրներ է ժամանել ընդհանուր առմամբ ավելի քան 7,2 միլիոն փախստական, հաղորդել է ՏԱՍՍ-ը: