«Երեկվա և այսօրվա հայերը»․ լույս է տեսել հայ մեծերի մասին ֆրանսերեն կենսագրական բառարան
Փարիզում ծնված եւ մեծացած, հայի ու, ինչպես իր մասին մշտապես ասում են՝ Հայաստանի կյանքով ապրող ու շնչող վավերագրող Հրայր Հրաչյանը Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանում սեպտեմբերի 26-ին մշակութային գործիչներին ներկայացրեց իր նոր աշխատությունը՝ «Երեկվա եւ այսօրվա հայերը» կենսագրական բառարանը։ Այն լույս է տեսել ֆրանսերեն` նպատակ ունենալով աշխարհին ներկայացնել գիտության ու արվեստի հայ մեծերին։
«Երկար տարիներ մտածում էի՝ ինչ-որ ձեւով ամփոփել եւ մեկ հատորում ներկայացնել մեր մեծերի մասին կենսագրական տեղեկություններ։ Երբ գիրքը լույս տեսավ, մենք մեծ միջոցառումներ կազմակերպեցինք Ֆրանսիայում, որպեսզի գիրքը լայն տարածում գտնի եւ վաճառվի։ Նման աշխատություն լույս ընծայելու նպատակն է, որ հայի անունը հայտնվի աշխարհի մտավորականության անունների շարքերում եւ մշակույթի պատմության էջերում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հրայր Հրաչյանը։
Աշխատությունն ընդգրկում է պատմական 3200 դեմքերի, մշակութային,ազգային գործիչների, քաղաքական գործիչների մասին տեղեկություններ՝ սկսած Տիգրան Մեծի ժամանակներից մինչեւ մեր օրերը:
Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանի տնօրեն Սուսաննա Դավթյանն ընդգծում է՝ օգտվելով առիթից, որ Հրաչյանը գտնվում է Երեւանում, որոշեց կազմակերպել այս միջոցառումը եւ հրավիրել այն ականավոր գործիչներին, որոնք տեղ են գտել հեղինակի գրքում:
«Նրանց շարքերում են Հովհաննես Չեքիջյանը, Տիգրան Մանսուրյանը, Հասմիկ Պապյանը, Բարսեղ Թումանյանը, Ռուբեն Սաֆրաստյանը եւ այլք։ Կարեւոր է, որ դրսում գտնվող հայը այսպիսի գործ է անում իր ազգի համար։ Կենսագրական բառարան հրատարակելը հեշտ բան չէ։ Գիրքը լույս է տեսել համահեղինակությամբ փարիզահայ Արա Գրիգորյանի։ Նա, փաստորեն, ֆրանսերեն լեզվով աշխարհին է ներկայացնում հայ մտավորականներին, ովքեր գործունեություն են ծավալում արվեստի, գրականության, գիտության եւ այլ ոլորտներում»,-նշեց Դավթյանը։
Սուսաննա Դավթյանը պատմեց, որ Հրաչյանին ճանաչում է դեռ 1965թ-ից, երբ համալսարանի 1-ին կուրսում էր սովորում։ «Կռունկ ինտերնացիոնալ» կապերի ակումբին Հրաչյանը Փարիզից նամակ է գրում՝ թղթակցելու նպատակով։ Նամակին պատասխանում է Սուսաննա Դավթյանը։
«Ակադեմիկոս Բաբկեն Հարությունյանը, որն այդ ժամանակ ակումբի նախագահն էր, ասաց՝ Սուսաննա, դու գիտես ֆրանսերեն, դու պատասխանիր։ Այսպես 1965թ-ից մինչ օրս մենք նամակագրական կապի մեջ ենք։ Հիշյալ դեպքից անցել էր 6 տարի, նա իր կնոջ հետ եկավ Երեւան։ Արտասահմանից եկած բոլոր հյուրերիս առաջին հերթին Լուսինե Զաքարյանի եւ Խորեն Պալյանի տուն էի բերում, նրանք ինձ հարազատ մարդիկ էին։ Երբ Հրայրի եւ իր կնոջ հետ եկանք այստեղ (թանգարան նկատի ունի- հեղ.), նկարվեցինք։ Հետագայում ես այդ նկարը տեսա նրա գրքում»,-պատմեց Դավթյանը։
Առաջին գիրքը, որ գրել էր Հրաչյանը, կոչվում է՝ «100 եւ մեկ մշակութային դեմքեր» («101 et 1 figures de la culture armenienes»): Երկրորդ տպագրված աշխատանքը կոչվում է «Պատմական եւ մշակութային դեմքեր» («Armenie eternelle. Grandes figures»):
Թավջութակահար, երաժշտական գործիքների մասնագետ Մանուկ Հարությունյանն, ով թանգարանում երաժշտական մի քանի կատարում հնչեցրեց, մեզ հետ զրույցում պատմեց, որ Հրայր Հրաչյանին ճանաչում է շատ վաղուց, իրենց կապն ամրապնդվել է, երբ Հրաչյանը տարբեր առիթներով օգնել է ձեռք բերել կարեւոր նվագարաններ։ Ընկերացել են «Վերնիսաժում», երբ ինքը այնտեղ նվագարաններ էր վաճառում։
«Նա այն մարդն է, որն անմիջապես հասկացավ, թե որքան մեծ գործ եմ անում հայ մշակույթի համար։ Նկատեց, որ պրոֆեսիոնալ վարպետ եմ, ով ստեղծում է այնպիսի նվագարաններ, որպիսիք աշխարհում չկան։ Մեր կապն ամրապնդվեց, երբ ինքը պատրաստակամություն հայտնեց օգնել՝ ինձ ձեռք բերել նվագարաններ: Հաճախ օգնում էր նաեւ ֆինանսական հարցերով»,- եզրափակեց Հարությունյանը։