Բաժիններ՝

Խոակին Կապառոսի երկու նպատակները․ Իռլանդիա-Հայաստան

Հայաստանի ազգային հավաքականն այսօր վերջին հանդիպումը կանցկացնի Ազգերի լիգայի խաղարկության B լիգայում։ Կմնա՞ ազգային ընտրանին այս խմբում, թե՞ կնահանջի C լիգա, պարզ կլինի այսօր՝ Իռլանդիայի ընտրանու հետ հանդիպումից հետո։ Այս դիվիզիոնում մնալու համար ազգային թիմին պետք է պարտադիր հաղթել մրցակցին։ Ուկրաինայի և Շոտլանդիայի հանդիպումը ազդեցություն չի ունենա մեր մրցաշարային դիրքի վրա։

Իռլանդիայի հավաքականի համար դժվար էր խմբում վերջնական առաջին տեղի վրա հույս դնել՝ խաղացողների ընտրությամբ Շոտլանդիան ու Ուկրաինան գերազանցում են Սթիվեն Քենի թիմին։ Կանաչները չկարողացան ցատկել իրենց գլխից վեր՝ հինգ ռաունդից հետո երրորդ տեղից ավելի բարձրանալու հնարավորություններ չկան: Միաժամանակ, «B» լիգայից դուրս գալու վտանգ կա՝ Հայաստանը միայն մեկ միավոր պակաս ունի, և այսօր դիմակայությունում պարտության դեպքում «կանաչները» վերջինը կլինեն քառյակում։

Հայաստանի հավաքականն այնքան էլ հաջող հանդես չի գալիս մրցաշարում։ Առայժմ հայկական ընտրանին երեք միավորով խմբում զբաղեցնում է վերջին տեղը՝ մեկ միավորով զիջելով երրորդ Իռլանդիային: Վերջին տուրում Հայաստանը սեփական հարկի տակ 0:5 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց Ուկրաինայի հավաքականից՝ այդպիսով կրելով չորրորդ անընդմեջ պարտությունը։

«Մենք 2 կարևոր նպատակ ունենք: Առաջինն այն է, որ ազատվենք այն տպավորություններից, որ ստեղծվել են վերջին խաղից հետո: Մենք գիտակցում ենք, որ այն մակարդակի խաղ չցուցադրեցինք, որը հարիր է ազգային հավաքականին:
Մյուս նպատակն այն է, որ կարողանանք պահպանել մեր տեղն այս խմբում, որը բավականին բարդ խումբ է: Սակայն հասել ենք վերջին խաղին և ունենք մաթեմատիկական շանսեր մեր տեղը պահպանելու համար: Գիտենք, որ Իռլանդիայի հավաքականը բավականին ուժեղ թիմ է և խաղում է սեփական հարկի տակ, սակայն կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հասնենք մեր նպատակին:

Իհարկե, մեր երկրպագուները շատ մեծ ցավ ապրեցին, ինչպես նաև բոլոր ֆուտբոլիստները, մարզչական շտաբը, բոլորը: Մենք այժմ ցանկանում ենք փոխել այն, ինչ ստեղծվեց Ուկրաինայի դեմ հանդիպումից հետո, և ապացուցել, որ մենք բավականին մրցունակ թիմ ենք և արժանի ենք նրան, որ հանդես գանք այսպիսի բարդ խմբում»,- նշում է հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ռադե Օբրենովիչը (Սլովենիա)։ Մրցավարի օգնականներն են Յուրե Պրապրոտնիկը (Սլովենիա) և Գրեգա Կորդեժը (Սլովենիա), 4-րդ պաշտոնյան է Դավիդ Շմայցը (Սլովենիա)։ VAR-ի մրցավարն է Մատեյ Յուգը (Սլովենիա), VAR-ի մրցավարի օգնականը՝ Ալեն Բորոշակը (Սլովենիա)։

Հիշեցնենք, որ Իռլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22։45-ին։

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս