
Զինծառայողը, ում հայրը ինքնասպանության էր դիմել, պատերազմից հետո կապի դուրս չի եկել

Ադրբեջանի սանձազերծած վերջին պատերազմական գործողությունների օրերին 168.am-ն անդրադարձել էր սահմռկեցուցիչ դեպքին, երբ Վարդենիսի բնակիչներից մեկն ինքնասպանություն էր գործել՝ լսելով, որ որդին գիշերը թշնամու հարձակումից զոհվել է:
Սակայն հոր ինքնասպանությունից հետո հերքվել էր որդու զոհվելու լուրը:
«Երեխան անհասանելի էր եղել. հայրը մտածել է, թե զոհվել է, ինքնասպանություն է գործել՝ իրեն կախել է: Հետո երեխան զանգել է տուն, ասել է՝ ողջ և առողջ վիճակում եմ: Երեխան չգիտի, որ հայրը նման բան է արել. նա ծառայության մեջ է»,- այդ ժամանակ մեզ հետ զրույցում ասել էր Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը:
Այսօր, սակայն, համայնքի ղեկավարից տեղեկացանք, որ զինծառայողը վերջին զանգից հետո ցայսօր կապի դուրս չի եկել:
«Այդ ժամանակ, որ հայրն իրեն կախել էր, ցերեկվա ժամը 3-4-ի ժամանակահատվածում էր, բայց 5-7-ի սահմաններում տղան զանգել է տուն, ասել է՝ ինձ հետ ամեն ինչ նորմալ է: Այդ զանգից երկու օր հետո էլ է դուրս եկել կապի, ու դրանից հետո կապի դուրս չի եկել:
Այս պահին ոչ ոք տեղեկություն չունի տղայից»,- ասաց Ահարոն Խաչատրյանը: