Խոցենք, ոչ թե խոցվենք. «Ազատազէն»-ի կրակային դասընթացներին մասնակցողների թիվը բազմապատկվել է
Տնտեսագետ, մշակութաբան, ինժեներ և շատ այլ մասնագետներ ամենատարբեր ոլորտներից այսօր համախմբվել են մեկ նպատակի շուրջ՝ մասնակցել կրակային պատրաստության, առաջին բուժօգնության դասընթացներին, տիրապետել զենքին: Հայաստանի դեմ սանձազերծված ադրբեջանական ռազմական ագրեսիան ստիպեց, որ շատերը մտածեն հատուկ պատրաստվածության մասին:
Հայկ Մելքումյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատում է հեռահաղորդակցության ոլորտում: Առաջին իսկ հնարավորությունն օգտագործելով՝ շտապել է «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպության հրաձգարան:
«Հաշվի առնելով երկրի վիճակը՝ որոշեցի մասնակցեմ, շատ հնարավոր է՝ մեզ պետք գա: Սա շատ կարևոր նախաձեռնություն է: Եթե մարտական գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն առաջանա, ապա պետք է պատրաստված լինենք: Առաջիկայում նախատեսում եմ այցելությունը շարունակական դարձնել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայկ Մելքումյանը:
Անվտանգության սարքավորումների ինժեներ Ալեքսեյ Հովհաննիսյանը վերջին անգամ 22 տարի առաջ է կրակել: Երկրի սահմաններին ստեղծված իրավիճակը, անվտանգության հարցերն իրեն ու իր շատ գործընկերներին բերել են հրաձգարան:
«Այս դասընթացներին մասնակցելու նախաձեռնությունը մեր ավագ ընկերոջինն է: Կազմակերպվում են ինչպես կրակային, այնպես էլ առաջին բուժօգնության դասընթացներ: Ասեմ, որ շատ տպավորված եմ՝ լավ մասնագետներ են, լավ դասավանդում են: Կցանկանայի, որ բոլորը մասնակցեն նման դասընթացներին ու լինեն պատրաստ»,-ասաց Ալեքսեյ Հովհաննիսյանը:
Հատուկ պատրաստվածության դասընթացներն անցկացվում են «Ազատազէն»-ի նախաձեռնությամբ, իրենց մասնագետների կողմից: Հիմքում հետևյալ գաղափարն է՝ խոցենք, ոչ թե խոցվենք: Նախաձեռնության շուրջ հավաքված մասնագետներն, առանց զլանալու, ամենօրյա, հետևողական աշխատանք են տանում քաղաքացիներին պատրաստելու համար:
«Ազատազէն»-ի համահիմնադիր Սպարտակ Կյուրեղյանի խոսքով՝ երբ անձը տիրապետում է զենքին, կարողանում է ճիշտ խոցել, տիրապետում է առաջին բուժօգնության հմտություններին, ապա նա վստահ է լինում թե՛ իր վրա, թե՛ իր ընկերոջ:
«Վերջին դեպքերից հետո բավական շատացել է մարդկանց հոսքը: Անցում ենք կատարել ավելի ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի: Բավական շատ քաղաքացիներ են մեզ դիմում, ու փորձում ենք բոլորին ներգրավել: Գալիս են կազմակերպություններով, առանձին խմբերով, անհատապես»,-պատմեց Սպարտակ Կյուրեղյանը:
«Ազատազէն»-ի հրաձգարանում այս օրերին նկատելի ավելացել է իգական սեռի ներկայացուցիչների թիվը: Մշակութաբան Սոնա Ազիզյանը խիստ անհրաժեշտ է համարում նման կազմակերպության գործունեությունը, որը հնարավորություն է տալիս բոլոր ցանկացողներին մասնակցել կրակային դասընթացներին:
«Մեր երկրում բոլորս պետք է միշտ պատրաստ լինենք: Հայրենիքը մեկ օրվա չէ, այն ամենաթանկ ժառանգությունն է: Այն ամեն ինչից վեր է: Մենք պատասխանատու ենք մեր նախնիների ու սերունդների առաջ՝ պահելու մեր Հայրենիքը»,-ասաց Սոնա Ազիզյանը:
Չնայած մարդկային ակտիվ հոսքին՝ որևէ այցելու առանց դասընթացի չի մնացել: «Ազատազէն»-ը բոլոր ռեսուրսները կենտրոնացրել է դիմորդների հետ պատշաճ աշխատելու գործընթացի վրա: Կազմակերպությունը նախատեսում է իր գործունեությունն ընդլայնել: Այժմ քննարկվում են այլ մարզերում ևս նման հրաձգարաններ հիմնելու առաջարկները: