«Ինչո՞ւ պատերազմի ժամանակ Սարսանգը չբացվեց, Մարտակերտի սաղ ֆրոնտը կվերանար. հրաման չի եղել». Բագրատյան
«Կոնկրետ մեկը ես՝ ընդդիմություն եմ: Հենց հիմա պատրաստ եմ վերցնել, դզել-փչել, հրավիրել ընտրություններ: Ես չեմ վախենում, չեն կարող Նոյեմբերի 9-ը շրջել, բայց դեկտեմբերի 18-ի պրոտոկոլով այդ ճամփեն (Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը.- Գ.Ս.) հետ կվերադարձվի Հայաստանին»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ պատասխանելով ընդդիմության պատասխանատվության վերաբերյալ հարցերին:
Խոսելով բանակի ամրաշինական աշխատանքների մասին՝ Հրանտ Բագրատյանն ասաց՝ ամեն օր պետք է խրամատ փորել, բայց նաև յուրաքանչյուր 2-3 կմ-ը մեկ՝ բունկեր կառուցել, 5-6 մետր հաստությամբ բետոնով, որ զինվորին հնարավոր չլինի սպանել:
«Մենք ասել ենք՝ մեզ բայրաքթար պետք չէ: Մեր ամեն զինվորի վրայից 2-3 փոքր դրոն պետք է կախած լինի, որ մինչև ավտոմատ կիրառելը իր վրա եկած թշնամու վրա դրոն ուղարկի: Նիկոլ Փաշինյանը ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նախագահն է: Նա անաշխատունակ է, չի կարողանում դա պատվիրել»,- ասաց ՀՀ նախկին վարչապետը:
Նրա խոսքով՝ Հայաստանը հնարավորություն ունի բալիստիկ հրթիռներ արտադրել ու դրանք կիրառել պատերազմական գործողությունների ու իր նկատմամբ սկսված ագրեսիայի ժամանակ:
«90-ականների պատերազմին այդ ցիկլի սկիզբը դրվեց: Սկսեցին փամփուշտ արտադրել: Հայաստանը կառուցել է կապսուլաների գործարան: Ադրբեջանն այդ գործարանից չունի: Աշխարհում 10-15 երկիր է կարողանում կապսուլա արտադրել: Բացեք օգտագործեք էդ գործարանները»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Շարունակելով բալիստիկ հրթիռներ ունենալու հնարավորության թեման՝ Հրանտ Բագրատյանն անդրադարձավ 44-օրյա պատերազմի ժամանակ բաց թողած հնարավորություններին:
«Ո՞վ ինձ կբացատրի՝ պատերազմի ժամանակ ինչո՞ւ Սարսանգի ջրամբարը միանգամից չբացվեց. Մարտակերտի սաղ ֆրոնտը կվերանար ցեխոտ ջրի մեջ: Ինչո՞ւ չարվեց: Ինձ ասվել է՝ հրաման չունենք: Հրամանն ո՞վ պետք է տար: 3-4 քայլ կար այդ պատերազմի ժամանակ անելու. անում էիր ու հաղթում էիր»,- ասաց Հրանտ Բագրատյանը: