Հայ զինծառայողների դիերը վերադարձնելու համար Կարմիր խաչի կոմիտեն կողմերի հետ երկխոսության մեջ է. Զառա Ամատունի

Սեպտեմբերի 14-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքները գրել էին, որ Բաքուն պատրաստ է միակողմանիորեն հայկական կողմին հանձնել մինչև 100 հայ զինվորի դիերը։ Այս մասին հայտնել էր Ադրբեջանի բանտարկյալների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական ​​հանձնաժողովը։ Բացի այդ, Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարը ՌԴ նախագահի  ներկայացուցչի հետ հանդիպման ընթացքում ասել էր, որ Հայաստանին առաջարկել են մարդասիրական հրադադար: Մարդասիրական  նկատառումներով ի՞նչ գործողություններ են կատարվել այս ժամանակահատվածում:

168.amԿարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի hաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց, Բաքուն վերադարձրե՞լ է հայ զինծառայողների դիերը, և հրադադարի պայմաններում արդյո՞ք սկսել են որոնողական աշխատանքները։

Զառա Ամատունին մեզ փոխանցեց, որ այս հարցի շուրջ Կարմիր խաչի կոմիտեն կողմերի հետ գտնվում է երկխոսության մեջ։

Ինչ վերաբերում է որոնողական աշխատանքներին, Զառա Ամատունին նշեց.

Կարդացեք նաև

«Խոսքն այստեղ առաջին հերթին վերաբերում է մարդասիրական գործողության մասին, որը ենթադրում է որոշակի նախապայմաններ և համաձայնեցում կողմերի միջև։ Այսինքն՝ որոնողական աշխատանքները Կարմիր խաչի միջնորդությամբ են լինելու, բայց կատարելու են կողմերը։ Սա նշանակում է, որ առաջին հերթին պետք է պահպանվեն անվտանգության երաշխիքները, և լինի համաձայնեցում մի շարք հարցերի շուրջ, որոնք թույլ կտան որոնողական կամ փոխանցման աշխատանքները, եթե մենք ընդգրկվելու ենք այդ աշխատանքներում, նշանակում է՝ անվտանգության երաշխիքների և կողմերի համաձայնությամբ մեր մարդասիրական մոտեցումները կհաստատվեն և կհարգվեն։ Նման պայմաններում, բնականաբար, մենք  պատրաստակամ ենք, և այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ այդ ուղղությամբ կողմերի հետ երկխոսության մեջ ենք։ Որևէ այլ գործողության մենք դեռևս չենք մասնակցել և որոնողական աշխատանքներում մենք դեռևս չենք ընդգրկվել»,- նշեց Զառա Ամատունին։

Ինչ վերաբերում է հնարավոր գերեվարված անձանց ճակատագրին, Զառա Ամատունին տեղեկացրեց, որ ստացել են մի շարք դիմումներ։

Իսկ ինչ վերաբերում է դրա վերաբերյալ հետագա հաստատումներին, մեր զրուցակիցը նկատեց. «Այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն ընթացքի մեջ են՝ մեր միջնորդությամբ կողմերի միջև։ Հաստատումների առնչությամբ դեռևս որևէ ասելիք չունեմ, կարող եմ միայն ասել, որ ընտանիքների հետ մենք այս առումով կապի մեջ ենք, հավաքագրում ենք տվյալները և, երբ ունենանք լուրեր, նույն պահին կփոխանցենք ընտանիքներին»։

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Նիկոլ Փաշինյանն էլ այսօրվա Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանի հարձակման հետևանքով այս պահին հայկական կողմն ունի 135 զոհ, և այս թիվը վերջնական չէ։

Տեսանյութեր

Լրահոս