«Պատրաստակամություն հայտնել ենք նաև երեկ՝ այդ գործողության մեջ մեր դերակատարությունը՝ որպես չեզոք միջնորդ, ունենալու համար». Զառա Ամատունին՝ Բաքվի հայտարարության մասին

Ադրբեջանական տելեգրամյան ալիքները գրում են, որ Բաքուն պատրաստ է միակողմանիորեն հայկական կողմին հանձնել մինչև 100 հայ զինվորի դիերը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի բանտարկյալների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական ​​հանձնաժողովը։

Ըստ տելեգրամյան նույն ալիքները՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, արդեն տեղեկացվել է Բաքվի մտադրության մասին։

168.amը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց, թե Բաքուն պաշտոնապես դիմե՞լ է Կարմիր Խաչին, և այս պահին ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում։

«Կարող եմ ասել, որ մենք պատրաստակամություն հայտնել ենք նաև երեկ, այդ գործողության մեջ մեր դերակատարությունը՝ որպես չեզոք միջնորդ, ունենալու համար և կողմերի փոխհամաձայնությամբ, իհարկե, պատրաստակամ ենք և կկատարենք այդ դերը»,- նշեց Զառա Ամատունին։

Կարդացեք նաև

Հարցին՝ Բաքուն հայ զինվորների դիերը Հայաստանին փոխանցելու համար դիմե՞լ է  Կարմիր Խաչի ներկայացուցիչներին, Զառա Ամատունին պատասխանեց.

«Լինելով Հայաստանում՝ կարող եմ ասել, որ մենք Հայաստանի իշխանությունների հետ այս հարցով երկխոսության մեջ ենք։ Նորից ասեմ՝ մենք մեր տարածաշրջանային դիրքորոշումն ենք հայտնել՝ մեր պատվիրակությունը այստեղ և պատվիրակությունն Ադրբեջանում նույնչափ պատրաստակամ են կատարելու այդ առաքելությունը, որը հնարավոր է երկու կողմերի համաձայնության պարագայում։ Իրենց փոխարեն, այսինքն՝ իշխանության, բնականաբար, մենք չենք կարող խոսել, բայց կարող եմ ասել, որ՝ այո՛, կապի մեջ ենք, սա կարող եմ հաստատել, երկխոսությունը կա»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 49 զոհ, և այդ թիվը դեռ վերջնական չէ։ Մինչ այս պահը հնարավոր գերեվարվածների, վիրավորների թվի վերաբերյալ տեղեկատվություն չկա։

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս