«29.800 քկմ թողնելը նշանակում է՝ հանձնել Արցախը և ազատագրված անկլավները». Էդգար Էլբակյան
Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ տարբեր դրվագներում մատնանշում էր «29 հազար 800 քկմ» տարածքի մասին:
«ՀՀ տարածքներն անսահմանափակ չեն, ՀՀ-ն ունի սուվերեն տարածք, էդ սուվերեն տարածքը Խորհրդային Հայաստանի տարածքն է՝ 29.800 քառ. կմ»,- նախ ասել էր Փաշինյանը, իսկ արդեն հայտնի՝ «ստորագրելու» մասին աղմկահարույց հայտարարության համատեքստում՝ նկատել,- Մենք այդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը. մենք չենք կարող այսօր վերնագրերի ներքո գրենք՝ «խաղաղության պայմանագիր», տակը ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս անց նոր պատերազմ կսկսի:
Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ, շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն՝ 29.800 քկմ տարածքով, ստանա տևական խաղաղություն և անվտանգություն»:
«29.800 քկմ» տարածքի մասին Փաշինյանի շեշտադրումների իրական ենթատեքստը, պարզվում է, միայն Արցախի հանձնում չէ:
«Դա նշանակում է՝ Արցախը հանձնել Ադրբեջանին, նաև հանձնել այն տարածքները, որոնք Խորհրդային Միության ժամանակ եղել են Խորհրդային Ադրբեջանի անկլավները և հետո ազատագրվել են: Խոսքը Տիգրանաշենի, Վերին Ոսկեպարի և Ազատամուտ, Կայան գյուղերին հարող տարածքների մասին է»,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց քաղաքագետ Էդգար Էլբակյանը:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ ամբիոնից կրկին հանրայնացրել է աղմկահարույց հայտարարություններ, դրան հաջորդել էին Փաշինյանի հրաժարականի պահանջով հազարավոր քաղաքացիների ինքնաբուխ ակցիաները Երևանում, Ստեփանակերտում, Գյումրիում:
Այս դիմադրության հաջողության պատասխանատվությունը, ըստ քաղաքագետի, էլիտաների ուսերին է: