Ղազախստանը հրաժարվել է ՀԱՊԿ հովանու ներքո հայ-ադրբեջանական հակամարտության մեջ մտնել
Ղազախստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Այդոս Սարիմը հայտարարել է, որ Ղազախստանը շահագրգռված չէ հայ-ադրբեջանական հակամարտության գոտի ռազմական անձնակազմ ուղարկելու հարցում այն բանից հետո, երբ Երևանը ՀԱՊԿ-ից ռազմական օգնություն է խնդրել:
«Ակնհայտ է, որ Ադրբեջանի հետ կոնֆլիկտային իրավիճակում Ղազախստանը շահագրգռված չէ այնտեղ զորքեր ուղարկելով», – «Փակագիծ» վերլուծական հարթակի փոխանցմամբ՝ ասել է Սարիմը:
Նա բացատրեց, որ Ղազախստանը չի կարող աջակցել Հայաստանին՝ ի վնաս Ադրբեջանի հետ հարաբերությունների, քանի որ այնտեղ շատ մտերիմ մարդիկ են ապրում, որոնց հետ մեծ առևտրաշրջանառություն կա և շատ մեծ ծրագրեր։
Նրա խոսքով, Ղազախստանում հասարակական կարծիքն ավելի շատ հակված է աջակցել Ադրբեջանին։
Միաժամանակ նա հերքել է հրապարակված լուրերը, թե Ղազախստանը ծրագրում է դադարեցնել իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին այս իրավիճակի պատճառով։
«Նման խոսակցություններ չեն եղել, էլ չեմ խոսում քննարկումների մասին»,- ընդգծել է Սարիմը՝ հավելելով, որ Ղազախստանի դիրքորոշումը չի նախատեսում ՀԱՊԿ-ի անդամակցության չեղարկում և կասեցում։