«Սա զինվորականության հետ կապ չունի, այս ամենը քաղաքականության արդյունք է». Մովսես Հակոբյան
Սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ ՊՆ-ի փոխանցմամբ՝ հայկական կողմն ունի 49 զոհ, սակայն սա վերջնական տվյալները չեն։
Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում թշնամին թիրախավորել է խաղաղ բնակավայրերը, մի քանի գյուղ, որոնք ավելի մոտ են գտնվում թշնամուն՝ բնակիչներին տարհանել են։
168.am-ը ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանից հետաքրքրվեց, այս փուլում թշնամին ի՞նչ նպատակ է հետապնդում նման հարձակումներով, և հնարավո՞ր է՝ այս ամենը վերածվի լայնամասշտաբ ռազմական գործողությունների։
Պատասխանելով, Մովսես Հակոբյանն ասաց, որ ամեն ինչի մասին Նիկոլ Փաշինյանն ԱԺ իր ելույթում խոսել է, այդ պատճառով էլ ոչինչ չի կարող ասել։
Դիտարկմանը, որ հարցն իրեն ուղղել եմ՝ որպես զինվորականի, Մովսես Հակոբյանը պատասխանեց.
«Սա զինվորականության հետ կապ չունի, այս ամենը քաղաքականության արդյունք է, այո, քաղաքականության արդյունք»։
Թե ում կողմից վարվող քաղաքականության արդյունքն է, Մովսես Հակոբյանը չպատասխանեց։
Ինչ վերաբերում է լանածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը, Մովսես Հակոբյանը նկատեց.
«Կարծում եմ՝ այս պահին իրավիճակն այս ամենով կհանգուցալուծվի, լայնածավալ ռազմական գործողություններ չեն լինի, կրկնում եմ, այս պահին»։