Իշխանասարի հատվածում ժամը 04։00-ին կրակոցները դադարել են՝ առաջխաղացման տեղեկություններ չունեմ. Գյուղապետ

Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանը դիմել է մեծածավալ սադրանքների Գեղարքունիքի, Սյունիքի սահմանային հատվածներում։ Ինչպես ՊՆ խոսնակն էր հայտարարել, հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց տվյալները ճշտվում են։

Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում թշնամին ինտենսիվ կրակոցները չի դադարեցրել մինչև ժամը 04։00-ն։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանը։
Ըստ գյուղապետի, ժամը 04։00-ին թշնամին Իշխանասարի հատվածում կրակոցները դադարեցրել է։

«Ամբողջ գիշեր ինտենսիվ կրակել են, գյուղը վնասներ չի կրել, մերոնք իրենց դիմաց կանգնած են, դե դիմադրում էին… Փառք Աստծո, մեր հատվածում այս պահին իրավիճակը նորմալ է, կրակոցներ չկան, մյուս հատվածների վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել։ Բոլոր բնակիչները գյուղում են, որևէ մեկը դուրս չի եկել»,-նշեց Մարատ Պետրոսյանը։
Հարցին՝ թշնամին Իշխանասարի հատվածում առաջխաղացում ունեցե՞լ է, թե՞ ոչ, գյուղապետը պատասխանեց.
«Առաջխաղացման վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ տեղեկություններ չունեմ։ Այս պահին միայն ասքանը կարող եմ ասել»,-եզրափակեց Մարատ Պետրոսյանը։

Հիշեցնենք, 2021 թվականի մայիսի 12-ին, ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները ՀՀ սուվերեն տարածք ներխուժել էին հենց Իշխանասարի հատվածից։ Նրանք այս և ՀՀ սուվերեն տարածքի մի քանի այլ հատվածներում մինչ այս պահը շարունակում են ամրացնել իրենց դիրքերը։

Կարդացեք նաև

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս