Նորաբակում իրավիճակը խիստ լարված է՝ բնակիչներին տարհանել են. Վարդենիսում որոշ տեղերում կրակոցներ կան
Սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակն այսօր առավոտյան ներկայացնելով պաշտոնական հաղորդագրությունը, նշել էր, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։ Եվ հավելել էր` տվյալները ճշտվում են։
168.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ղեկավար Վազգեն Ասատրյանն ասաց, որ գյուղում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։
«Կրակոցների ձայնը գյուղում պարզ լսվում է, բայց, փառք Աստծո, դեռ դրանք գյուղին չեն հասել, վնասեր չկան։ Վիճակը խիստ լարված է, երեկ երեկոյան ժամը 23։00-ից հետո գյուղի կանայք ու երեխաները տարհանվել են, ապահովության համար, գյուղում մնացել են տղամարդիկ։ Հենց այս պահին էլ կրակոցները շարունակվում են։ իրենք բոլոր փամփուշտները հասնում են գյուղին մոտ սարերի փեշերին»,-նշեց Նորբակի գյուղապետը։
168.am-ի հետ զրույցում Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանն էլ ասաց, որ Վարդենիսում այս պահին իրավիճակն այդքան լարված չէ։
«Որոշ տեղերում կրակոցներ կան, մնացածը նորմալ է։ Վարդենիս քաղաքից որևէ բնակիչ չի տարհանվել»,-շեշտեց Ահարոն Խաչատրյանը։
Զվարթ Խաչատրյան