Ձեռագիրը կրկնվում է. Ադրբեջանը քայլ առ քայլ պատրաստվում է ավելի լայնամասշտաբ գործողությունների. Տաթևիկ Հայրապետյան. «Փաստինֆո»
Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումից հետո Ադրբեջանը վերսկսեց իր քաղաքականությունը՝ ապատեղեկատվություն տարածելով, թե, իբր, հայկական կողմը խախտում է հրադադարը և դրանից հետո հիմք է նախապատրաստում հնարավոր էսկալացիայի համար:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկում է արել ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ նշելով, որ նման վարքագիծ Ադրբեջանը դրսևորել նաև օգոստոսի 3-ին՝ Արցախում իրականացրած էսկալացիայից առաջ։
«Ես դրան բազմիցս անդրադարձել եմ՝ շեշտելով, որ Ադրբեջանը գործողությունների է պատրաստվում, այսօր էլ Ադրբեջանի ՊՆ նախարարը խորհրդակցություն է հրավիրել, որտեղ տվել է նույն հրահանգները, ինչ հուլիսի 30-ի նիստում, որից 3 օր հետո սկսեց էսկալացիան՝ Բերձորի ուղղությամբ:Այսինքն՝ ամբողջությամբ ձեռագիրը կրկնվում է»,-արձանագրեց Հայրապետյանը:
Զրուցակիցը շեշտում է՝ այս իրավիճակում, երբ հստակ է Ադրբեջանի քաղաքականությունը, Հայաստանը պետք է կապեր հաստատ միջազգային գործընկերների հետ՝ ցույց տալու, որ Ադրբեջանը հիմք է նախապատրաստում իր հետագա սադրանքների համար, իսկ հայկական կողմը չունի որևէ շահագրգռվածություն՝ լարելու իրավիճակը սահմանին:
Տաթևիկ Հայրապետյանի արձանագրմամբ՝ Ադրբեջանը հեռահար և կարճաժամկետ նպատակներ ունի:
Կարճաժամկետ առումով՝ Ադրբեջանը սողացող պատերազմի տրամաբանության մեջ է իր գործողություններն իրականացնում ու քայլ առ քայլ պատրաստում է ավելի լայնամասշտաբ գործողությունների, իսկ երկարաժամկետ առումով Ադրբեջանի նպատակն է ՝ Արցախի և Հայաստանի սահմանամերձ շրջանների հայաթափում.
«Եթե բնակչությունը չմնա այնտեղ, չապրի, բնականաբար, Ադրբեջանի անելիքները շատ ավելի են հեշտանալու»,-հավելեց նա:
Ըստ Հայրապետյանի՝ այն հանգամանքը որ ուժի սպառնալիքի բացառումը տեղ չի գտնում միջնորդների՝ խաղաղությանը միտված գործողությունների մեջ, սա նպաստում է Ադրբեջանի նման ագրեսիվ գործելաոճին.
«Ադրբեջանը սպառնալիքներով է փորձում լուծել բոլոր խնդիրները, ինչին չի կարողանում հասնել դիվանագիտական ճանապարհով, ուստի, եթե խաղաղություն ենք ուզում, պետք է նախ ունենանք այնպիսի բանակ, որը կզսպի հակառակորդի ցանկացած սպառնալիք և դրանից հետո նոր դիվանագետների աշխատանքը կարող արդյունավետ լինել, հակառակ դեպքում, եթե Ադրբեջանը գիտի, որ կարող է ռազմական ուժով խնդիրներ լուծել, և ճնշումներ գործադրել դիվանագիտական ճակատում ինքը այդպես էլ առաջ է գնալու»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ վերջերս Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ չէր հերքել, որ Ադրբեջանը նկրտումներ ունի արդեն ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, մասնավորապես, Սյունիքի մասով, սակայն միևնույն ժամանկ նշել էր, որ հայկական կողմը պետք է շարունակի սահմանզատման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները:
Անդրադառնալով սրան՝ Տաթևիկ Հայրապետյանը նշում է՝ Ադրբեջանը երբեք էլ չի թաքցրել իր նկրտումները Սյունիքի նկատմամբ.
«Ես զարմանում եմ, Նիկոլ Փաշինյանը նո՞ր է հասկանում, որ Ադրբեջանը հստակ նկրտումներ ունի Սյունիքի ուղղությամբ, դա ավելի քան պարզ էր, դրա մասին պատերազմից հետո անձամբ եմ Փաշինյանին ասել, որ Արցախով չի սահմանափակվելու, Ադրբեջանն ավելի հեռուն է գնալու և բերել եմ բազմաթիվ փաստեր, ընդամենը պետք է մի քիչ պատմություն իմանալ և հետևել Ադրբեջանի գործողություններին: Ընդ որում , Ալիևի նկրտումներն այնպես չէ, որ 2020թ-ից հետո են առաջացել, նախկինում էլ նա իր խոսքում մշտապես նշել է, որ տարածքային հավակնություններ ունի Սյունիքի նկատմամբ, պարզապես պատերազմից հետո Ադրբեջանն ավելի հանդուգն է է դարձել և իր դիրքերը, որոնք ձեռք է բերել Արցախի անվտանգության գոտու նկատմամբ վերահսկողություն սահմանելով, թույլ են տալիս ավելի մշակված գործողությունների գնալ,հենց դրա համար է,որ «խաղաղության օրակարգը» կամ ցանկացած այլ պայմանագիր, որ իրենք կնքեն, զերծ չի պահելու պատերազմից,-ասաց Հայրապետյանը: