Ադրբեջանական այլընտրանքի մասին Առաջին նախագահը խոսել է իր տխրահռչակ «Պատերազմ թե՞ խաղաղություն»-ում
«Արմսես գիտակրթական կենտրոն» ՀԿ ղեկավար Ալվինա Աղաբաբյանը «Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը» զեկույցի շնորհանդեսին ներկայացրեց Արցախյան բանակցային գործընթացը:
«Բանակցային այն գործընթացը, որն ընթանում էր Առաջին նախագահի օրոք, հանգում էր հետևյալին. Արցախն առավելագույնն ինքնավարություն պետք է ունենար Ադրբեջանի կազմում, և ամբողջ այդ ընթացքը բանակցությունների գնում էր դրա շուրջ: Հայկական կողմը գնում էր բանակցությունների՝ ոչ թե բարելավելու մեր դիրքերը կամ մի քիչ ավելին ստանալու՝ այդ բանակցությունների արդյունքում, այլ կար որոշված իրողություն, և ամեն կերպ փորձ էր արվում համոզել հասարակությանը, որ դրան այլընտրանք չկա: Այսինքն՝ Ադրբեջանի ստեղծած այլընտրանքը, որ եթե չեք գնում տարածքային զիջումների, լինելու է պատերազմ: Ադրբեջանական այդ թեզի մասին Առաջին նախագահը բավականին ուղենշային ձևակերպումով հանդես է եկել իր «Պատերազմ, թե խաղաղություն. Լրջանալու պահը» տխրահռչակ հոդվածում, որն այդ ամբողջ շրջանի բանակցային ընթացքի ներկայացումն էր»,- ասաց նա՝ շեշտելով՝ նույնը ունեցանք 2018 թվականից առ այսօր:
Աղաբաբյանի դիտարկմամբ՝ 1998-2018թթ. բանակցությունները մի փոքր այլ ֆորմատով ընթացան. «Ըստ էության, և՛ Երկրորդ, և՛ Երրորդ նախագահների զրուցակիցը միջազգային հանրությունն էր, և դա այն պատճառով չէր, որ նրանք վախենում էին խոսել թշնամու հետ, այլ հստակ գիտակցում էին, որ այդ ուղիղ բանակցությունները ոչ մի արդյունքի չեն բերի, որովհետև հակառակ կողմն անզիջում է և անընդհատ փորձում է խոսել ուժի սպառնալիքի դիրքերից: Երբ նոր իշխանություններ եկան և փոխեցին այդ ընթացքը, վերադարձ կատարվեց 1992-1998թթ., նրանք միանգամից թողեցին ամբողջ բանակցային գործընթացը, սկսեցին սեփական կետից, գնացին սեպարատ բանակցությունների թշնամու հետ: Խնդիր կար հեղափոխության ալիքում ջնջելու ամեն ինչ, ինչ-որ նախկիններինն էր, երկրորդ՝ այստեղ երևում է հստակ թուրքական, արևմտյան այն քարոզչական թեզի ազդեցությունը, որ, երբ դուք ուղիղ բանակցեք, այդ ժամանակ հարցը լուծում կստանա: Սա շատ խորամանկ քարոզչական թեզ է և ծուղակ, որովհետև երբ դու մնում ես թուրքական ծավալապաշտության, նրանց՝ ուժի սպառնալիքի դիրքերից խոսելու հռետորաբանության և գործիքակազմի հետ մեն-մենակ, այստեղ շահեկան ձեռքբերումով դուրս գալը գրեթե բացառվում է: Այն, ինչ ընթանում է այս փուլում, բանակցություններ չեն»:
Նրա խոսքով՝ 2018-ի իշխանափոխությունից հետո բանակցային գործընթացում նույն պատկերն ունենք, ինչ առաջին նախագահի օրոք, ուղղակի՝ էլ ավելի վատ դիրքերից, էլ ավելի վատ պայմաններում:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում



