Սամարղանդի գագաթնաժողովը կարող է կարևոր շփումների հարթակ դառնալ Հայաստանի համար. ռուս թուրքագետ

15 պետությունների ղեկավարներ կմասնակցեն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-16-ը Սամարղանդում: Այս մասին հայտնել է Ուզբեկստանի նախագահի մամուլի քարտուղար Շերզոդ Ասադովը։

«Հաջորդ շաբաթ Սամարղանդում տեղի կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Այս միջոցառումը կլինի ՇՀԿ-ի ղեկավարների առաջին դեմառդեմ հանդիպումը 2019 թվականից ի վեր և կազմակերպությունում Ուզբեկստանի նախագահության ավարտը»,- ասել է Ասադովը։

Ըստ նրա, բացի Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևից, ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ջապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:

Գագաթնաժողովին որպես ՇՀԿ դիտորդ երկրների ղեկավարներ՝ կմասնակցեն նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխը։ ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, Իլհամ Ալիևը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և Նիկոլ Փաշինյանը։ Օրերս Վլադիվոստոկում Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ Պուտինն ասել էր, որ Փաշինյանը մասնակցելու է ՇՀԿ միջոցառումներին առաջիկայում: Ռուսական կողմն ընդհանուր առմամբ մեծ կարևորություն է տալիս կայանալիք ՇՀԿ միջոցառմանը, հաշվի առնելով նաև Չինաստանի, Ղազախստանի նախագահների մասնակցությունը, ինչն ուկրաինական ճգնաժամի հարապատկերում էական կարևորության արտաքին քաղաքական գիծ է ՌԴ-ի համար:

Այս անգամ ստացվում է նաև, որ ՇՀԿ գագաթնաժողովը կարող է կարևոր լինել ՀՀ-ի համար, որը այդ հարթակում կարող է մի շարք երկկողմ հանդիպումներ ունենալ, այդ թվում՝ Փաշինյան-Ալիև, Փաշինյան-Էրդողան:

168.am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին Ռաևսկին աշխարհաքաղաքական ներկայիս փուլում աշխարհի ու Ռուսաստանի համար կարևորում է ՇՀԿ գագաթնաժողովը:

Նադեին-Ռաևսկին նշեց, որ առաջիկա գագաթնաժողովի գլխավոր ինտրիգը վերաբերում է Բելառուսի ՇՀԿ անդամակցության թեմային, քանի որ Բելառուսը դիմել է անդամակցության համար և, ամենայն հավանականությամբ, պետք է դրական պատասխան ստանա:

Մյուս կարևոր հանգամանքը, ըստ նրա, այն է, որ Ուկրաինայում սկսված ռազմական գործողություններից հետո ըստ էության առաջին անգամն է, որ Ռուսաստանի մասնակցությամբ և համակարգմամբ միջազգային միջոցառում է տեղի ունենում, որի նշանակությունը ներկայումս դժվար է թերագնահատել, քանի որ անդամների ու մասնակիցների ցանկն ինքնին ազդեցիկ է: Սա, ռուս թուրքագետի գնահատմամբ, կարևոր միջոցառում է, ինչպես նաև ընդհանուր առմամբ ՇՀԿ-ն կարևոր կազմակերպություն է՝ հաշվի առնելով «պատերազմը» հանուն բազմաբևեռ աշխարհի:

«Հաշվի առնելով այն ջանքերը, որոնք ԱՄՆ-ն է կենտրոնացնում միաբևեռ աշխարհ հաստատելու համար, Ռուսաստանը հավելյալ ջանքեր է ներդնում բազմաբևեռ աշխարհի համար, և այս ճանապարհին Չինաստանը և մնացած գործընկերները կարևոր են, այս պատճառով ՌԴ նախագահն օրերս Վլադիվոստոկում տեղի ունեցած համաժողովի ընթացքում մի քանի անգամ անդրադարձավ կայանալիք հանդիպումներին, քանի որ դրանք իսկապես կարևոր են: ՌԴ-Չինաստան կապերը ու հարաբերություններում նկատվող միտումներն Արևմուտքի ուշադրության կենտրոնում են, և դա պատահական չէ, դա անհանգստացնում է Միացյալ Նահանգներին: Ղազախստանը, որին փորձում են «գայթակղել» ու եվրասիական պրոյեկտներից դուրս բերել Թուրքիան ու Ադրբեջանը, ևս կարևոր է Ռուսաստանի համար՝ որպես ՇՀԿ անդամ:

Կասկածից վեր է, որ որոշ ոլորտներում հաջողությունից հետո դաշինքը կարող է հավակնել դառնալ աշխարհի ուժային կենտրոններից մեկը։ Սակայն դրա համար ժամանակ է հարկավոր, ՇՀԿ-ն պետք է կարողանա լուծել տնտեսական ու անվտանգային խնդիրներ, պետք է կարողանա այդ հարթակին մասնակցող երկրների համար վստահելի կառույց լինել, որը հարթում է խնդիրներն այդ երկրների միջև: Ինչպես երևում է, ՌԴ-ն տրամադրված է այդպես, և ՌԴ նախագահի խոսքի որոշ շեշտադրումներ հուշում են, որ կա ցանկություն ստեղծել նման մթնոլորտ: Սակայն սպասվող հանդիպումներից շատ բան է կախված, քանի որ ՇՀԿ-ն վերջին տարիներին չէր ունեցել նման ուղիղ հանդիպում, բնականաբար, այս նոր իրավիճակում նման հանդիպումը չափազանց կարևոր է:

Սա ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ չէ, կարող է ավելի մեծ ներուժ ունենալ քաղաքական շահերի համադրման և ճիշտ աշխատանքի դեպքում: Ի տարբերություն ՀԱՊԿ-ի, նման կառույցներում պետք է բովանդակություն, քաղաքական ջանքեր ներդրվեն, որպեսզի գագաթնաժողովները չլինեն միայն ելույթներ ու հայտարարություններ ոչնչի մասին, պետք է կազմակերպությունը կարողանա գործունեություն ծավալել, որոշումներ կայացնել, պրոյեկտներ իրականացնել»,- նկատեց նա՝ հավելելով, որ կամքի դեպքում կառույցը կարող է ունենալ հաջողություններ:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, թուրքագետի խոսքով, Հայաստանի համար կարևորվում է Ուզբեկստանում կայանալիք գագաթնաժողովը՝ որպես շփումների, հանդիպումների հարթակ, հատկապես, եթե Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները դրան մասնակցելու են, և կարող են կազմակերպվել հանդիպումներ, քննարկումներ կամ բազմակողմ բարձրաստիճան հանդիպումներ:

«Այնուամնայնիվ, կարծում եմ՝ կարելի է այնտեղ սպասել ուշագրավ շփումներ, Ռուսաստանը կփորձի արտաքին քաղաքական որոշ դիվանագիտական ձեռքբերումներ ցուցադրել աշխարհին, ցուցադրել, որ ՇՀԿ-ն զարգանում է, ՇՀԿ-ն արդյունավետ հարթակ է հարցեր քննարկելու, բանակցելու ու լուծելու համար, ուստի ՌԴ-ում արդեն կես տարի է՝ ինտենսիվ պատրաստվում են այս ամենին:

Կարծում եմ՝ հայկական կողմի մասնակցությունը կարևորվում է հենց տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական հարթություններում»,- նշեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ ներկայումս կազմակերպության անդամ են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Պակիստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Դիտորդի կարգավիճակ ունեն Աֆղանստանը, Բելառուսը, Մոնղոլիան, Իրանը, վերջինս նույնպես դիմել է ՇՀԿ-ին լիիրավ անդամակցության համար։

Տեսանյութեր

Լրահոս