Բաժիններ՝

Պետք է այնպես անել, որ բիզնեսը կարողանա գոյատևել. բեռնափոխադրող մեքենաները 20-25 օր կանգնում են Վրաստանում

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին 1,7 հազար բեռնատար է կուտակվել։ Iz.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 20-ին հայտնել են Հյուսիսային Օսիայի ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Օրեցօր աճող բեռնատարների հոսքը լուրջ խնդիրներ է  առաջացրել նաև հայկական բեռնափոխադրող ընկերությունների համար:

«Օրինակ, Ռուսաստանում համարակալումներով են թողնում, ու մեքենաները 15-20 օր կանգնած են մնում, և այդ երկրի հետ պետք է ճիշտ համագործակցել, որ մեր մեքենաները երկար չպահեն: Վրաստանի կողմում էլ մտնում ես կայանատեղի՝ քո մեքենայի համար համար ես քաշում, ժամանակը գալիս է՝ դուրս ես գալիս, բայց մյուս կողմից՝ եկողի համար է դժվար: Համար են քաշում, ասենք՝ 2337 համարի մեքենան է, հերթդ երբ կգա, դա խնդիր է: Այսինքն, բիզնեսի տերը չի կարողանում կառավարել իր բիզնեսը:  Պետք է այնպես անել, որ բիզնեսը կարողանա գոյատևել՝ մեքենաները չկանգնեն:

Վարորդի աշխատավարձ, դիզվառելիք, ճանապարհածախս. ամենը թանկացել է, ու այս ամենի համատեքստում գոնե ճանապարհներին գնալ-գալը պետք է արագության մեջ լինի, որ կարողանաս կառավարել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բեռնափոխադրող ընկերություններից մեկի ներկայացուցիչը՝ հավելելով, որ մի քանի շաբաթ առաջ վրացական կողմն է մեքենաները պահել, ինչը բացասաբար է ազդում վարորդի բարոյահոգեբանական վիճակի վրա:

«Ունենք վարորդներ, որոնց տարիքը  60 տարեկանից բարձր է, աշխատում են, որ տուն պահեն, սակայն գնացել, Վրաստանում 20-25 օր կանգնել է:

Կարդացեք նաև

«Այս հարաբերություններն է պետք կարգավորել, որպեսզի վարորդն էլ չհիասթափվի: Մարդիկ 20 մետրանոց մեքենաներ են վարում: Հիասթափվում են ճանապարհներին առաջացող խնդիրների պատճառով, ու մենք ունենում ենք վարորդի պրոբլեմ, աշխատողի խնդիր: Այս ամենը պետք է լուծենք»,- նշեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ից Ռուսաստանը Վրաստանի հետ սահմանի «Վերին Լարս» անցակետում 12 նոր երթևեկելի գոտի է բացել։ Այդ ժամանակ ռուսական կողմը հայտարարեց, որ նոր ենթակառուցվածքը և երթևեկության հոսքի բաժանումը թույլ կտան բեռնատարներին կրճատել հերթերում սպասելու ժամանակը, սակայն խնդիրներ են առաջանում թե՛ այս, թե՛ մյուս անցակետերում:

Տեսանյութեր

Լրահոս