Շողակաթ և Արտանիշ բնակավայրերում իրականացված հնագիտական պեղումները կարևոր տեղեկություններ են բացահայտել
Արդեն չորրորդ տարին է, ինչ ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արշավախումբը Գերմանիայի Հալեի Մարտին Լյութերի համալսարանի հետ համատեղ (ղեկավարներ՝ Արսեն Բոբոխյան, Ռենե Կունցե) պեղումներ է իրականացրել Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Շողակաթ եւ Արտանիշ բնակավայրերի միջեւ ընկած ուշ բրոնզ-երկաթեդարյան (Քրիստոսից առաջ երկրորդ հազարամյակի վերջ-առաջին հազարամյակի կես) դամբարանադաշտում եւ վաղ բրոնզեդարյան (Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակի առաջին կես) բնակատեղիում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց արշավախմբի համաղեկավար, ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, այս տարի եւս շարունակվել են հնագիտական աշխատանքները Գեղարքունիքի մարզի Գեղարքունիքի մարզի Արտանիշ եւ Շողակաթ բնակավայրերում:
«2019 թվականից սկսած՝ դամբարանադաշտում արդեն պեղվել են թվով 10 դամբարաններ: Այժմյան տվյալները փաստում են, որ այն գործել է Ք.ա. 12-6-րդ դարերի ընթացքում: Սեւանա լճի անընդհատ տատանումների պատճառով դամբարանները ինչ-որ ժամանակ եղել են ջրի տակ, ինչի արդյունքում օրգանական, ի մասնավորի մարդաբանական նյութը, բավականին վատ պահպանվածություն ունի: Սակայն, չնայած դրան, այս տարի երկու դամբարաններում հնարավոր է եղել բացել երկու անհատների թաղումներ: Դրանցից մեկը միջին տարիքի իգական սեռի անհատ էր, որը դիադրված էր ձախ կողքի վրա, կծկված դիրքով, իսկ մյուսը արական սեռի անհատ էր՝ դիադրված աջ կողքի վրա, կրկին կծկված դիրքով: Երկու դամբարաններում էլ գտնվել են հանգուցյալին անդրաշխարհում ուղեկցող առարկաներ՝ բրոնզե դաշույն, նետասլաք, ապարանջաններ, օղեր, մատանիներ, տարբեր տեսակի ուլունքներ, կավանոթներ»,-ներկայացրեց Արսեն Բոբոխյանը:
2020 թվականից արշավախումբն աշխատում է նաեւ Կուր-արաքսյան մշակույթին վերաբերող եւ Ք.ա. 28-26-րդ դարերով թվագրվող բնակավայրում, որը գտնվում է նույն Արտանիշի տարածքում եւ կրում է «Արտանիշ-9» պայմանական անունը: Այստեղ փաստագրվել են քարե հիմքով կլոր հատակագծով կացարաններ, դրանց կավե հատակները, իսկ կացարաններից մեկի կենտրոնում բացվել է օջախ: Այս տարվա պեղումները պարզել են, որ բնակատեղին ունի բնակեցման երկու փուլ, իսկ թե դրանց միջեւ ժամանակային որքան տարբերություն կա, կմանրամասնվի հետագա լաբորատոր աշխատանքների արդյունքում:
«Դաշտային եւ լաբորատոր հետազոտությունները ցույց են տալիս, որ այստեղ ապրող հասարակությունը զբաղվել է երկրագործությամբ, մշակել է ցորեն, գարի, ապրել անասնապահությամբ՝ պահելով մանր եւ խոշոր եղջերավոր անասուններ, խոզ, ձի։ Նրանց կյանքի անբաժան մասն է եղել նաեւ որսորդությունը։ Նրանք որսացել են այծյամ, եղջերու։ Մարդիկ այդ ժամանակներում զբաղվել են նաեւ մետաղագործությամբ, ունեցել ինքնատիպ ճարտարապետական, բրուտագործական ավանդույթներ»,- հավելեց մասնագետը:
Այս տարվա պեղումները փաստել են նաեւ, որ բնակավայրի տարածքում, այն լքվելուց որոշ ժամանակ անց, կատարվել են թաղումններ: Պեղվել է մեկ դամբարան՝ հարուստ մետաղական եւ կավե առարկաներով:
Պեղումներին զուգահեռ՝ արշավախումբը կազմակերպել է նաեւ միջազգային ամառային դպրոց հնագետ ասպիրանտների համար, որի ընթացքում ուսումնասիրվել եւ գործնականում փորձարկվել են հնագիտության հետ առնչվող այլ գիտակարգերի ընձեռած հնարավորությունները:
«Այժմ ընթացքի մեջ են պեղումներից ստացված տվյալների միջմասնագիտական հետազոտությունները, որոնք կհամալրեն Սեւանա լճի ավազանի հնագույն մշակույթների եւ հասարակությունների վերաբերյալ մեր ունեցած գիտելիքները: Մասնավորապես, նորագույն արդյունքներ են գրանցվում լճի հյուսիսային եւ արեւելյան ափերի հնագիտության ոլորտում, որը մինչ օրս մասնագիտական հետազոտության չի ենթարկվել։ Այս պեղումներն առաջին անգամ ապացուցեցին, որ Սեւանա լճի հյուսիսային եւ արեւելյան ափերին մարդկանց ակտիվ գործունեությունը փաստվում է Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակից, որն անմիջականորեն շաղկապվում է Կենտրոնական Հայաստանի հետ։ Ասել է, թե մեր գտածոները Արարատյան դաշտում, Հայաստանի մյուս տարածքներում հայտնաբերված մշակութային արժեքների մի անբաժան ու նույնատիպ մասն են կազմում»,-հավելեց Արսեն Բոբոխյանը:
Հնագիտական պեղումները արշավախմբի կողմից կշարունակվեն նաեւ 2023 թվականի ընթացքում։
Խոսրով Խլղաթյան