Բաժիններ՝

1600 տարվա պատմություն ունեցող հայկական եկեղեցին ոչնչացման եզրին է

Թուրքիայի «Ժողովուդրների դեմոկրատական» կուսակցությունից ընտրված մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը այս օրերին Վանի նահանգում ծանոթացել է հայկական եկեղեցիների, վանքերի և այլ պատմական ու կրոնական հուշարձանների վիճակին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Փայլանը այցելել է նաև Վան նահանգի Բաշքալե շրջանում գտնվող Սուրբ Բարդուղիմեոս հայկական վանք, որը գտնվում է կիսաքանդ վիճակում:

Լրատվամիջոցների հետ զրույցում հայ պատգամավորն, խոսելով նշյալ վանքի մասին, ասել է.

«Վանքը ամբողջությամբ քանդված վիճակում է: Պահպանվել է մուտքի դռան կամարը, սակայն գմբեթը ավերված վիճակում է: Այս վանքը 1600 տարի կանգուն էր, սակայն վերջին 100 տարվա ընթացքում ոչնչացվեց, լքվեց և այժմ միտումնավոր ոչնչացվում է: Այստեղից դիմում եմ Թուրքիայի մշակույթի նախարարությանը: Ի՞նչ եք կարծում, այս վանքի ոչնչացումից ի՞նչ շահ կա: Ի՞նչ եք մտածում, Թուրքիան շահելո՞ւ է, թե՞ կորցնելու է այս վանքի ոչնչացումից»,- ասել է նա:

Ըստ ավանդության վանքը 1-ին դարում հիմնադրել է Սանատրուկ թագավորը Բարդուղիմեոս առաքյալի գերեզմանի վրա: Վանքը հիշատակվում է 13-րդ դարից։

Միջնադարում վանքը եղել է Աղբակ գավառի առաջնորդանիստ։ Վանքի եկեղեցին 13-րդ դարում կառուցվել է հնագույն բազիլիկի հիմքի վրա:

1915-1916 թվականներին վանքն անցել է թուրք զինվորականների վերահսկողության տակ: 1990-ական թվականներից օգտագործվել է որպես հատուկ զորամասի հենակետ։ Վանական համալիրը մեծապես տուժել է 1966 թվականի երկրաշարժից։ Եկեղեցու գմբեթը կանգուն է եղել մինչև 1960-ական թվականները, սակայն դրանից հետո ամբողջ կառույցը աստիճանաբար փլուզվել է, և գմբեթից ոչինչ չի մնացել։

Բաշքալե շրջանում քուրդ զինյալների դեմ ռազմական գործողություն իրականացնելու հիմնավորմամբ 31 տարի առաջ տեղակայվել էր Թուրքիայի ԶՈՒ հրամանատարության տակ գտնվող երրորդ սահմանային գումարտակի անձնակազմը: Թուրք-քրդական կարգավորման գործընթացի կապակցությամբ զորքերը այս տարածքից դուրս են բերվել և թուրքական իշխանությունները խոստացել էին վերականգնել եկեղեցին, սակայն մինչ այժմ աշխատանքներ չեն իրականացվել:

Այսպիսի տեսք ուներ վանքը 1916թ-ի երկրաշարժից առաջ.

(լուսանկարը` Ա Հախնազարյանի)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս