Լաչինի միջանցքը «փակ» է, սակայն ԱԳՆ-ն վերահաստատում է ՀՀ նախկին «դիրքորոշումները»
Չնայած այն հանգամանքին, որ Լաչինի միջանցքը նախօրեին փակվեց հայկական կողմերի համար, ինչի հետևանքով Հայաստան-Արցախ երթուղին կկազմակերպվի ժամանակավոր ճանապարհով, որը շրջանցում է Աղավնո-Բերձորն ու Արցախ տանում Շուշիի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերով, դեռ մեկ շաբաթ առաջ Լաչինի միջանցքի վերաբերյալ դիվանագիտական հայտարարություններ էին հնչում: Օգոստոսի 23-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հարցազրույց էր տվել թուրքական «Haber Global» լրատվամիջոցին և ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել նաև Հայաստանի Հանրապետության հետ խնդիրներին: Չավուշօղլուն դժգոհություն էր հայտնել, որ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան պայմանագրի համաձայն՝ ռուսական խաղաղապահ ուժերի՝ Լաչինի միջանցք մուտք գործելուց հետո «Հայաստանի ուժերը պիտի ամբողջովին դուրս գային այնտեղից, բայց այնտեղ դեռ հայ զինվորներ կան»:
168.am-ը պաշտոնական հարցմամբ ՀՀ ԱԳՆ-ին խնդրել էր մեկնաբանել Թուրքիայի ԱԳ նախարարի վերոնշյալ դժգոհությունը:
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է՝ հղում անելով մի քանի պաշտոնական հայտարարությունների: Նախ՝ ՀՀ ԱԳՆ-ն իր պատասխանում հղում է արել 2022 թվականի օգոստոսի 4-ի ՀՀ կառավարության նիստում տվյալ թեմայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
Բացի այդ, ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ ՀՀ ԱԳՆ-ն վերահաստատում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ՝ 2022 թվականի մարտի 23-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորների հարցերի հնչեցված պատասխաններում արտահայտված դիրքորոշումները և ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի՝ 2022 թվականի ապրիլի 15-ին տրված մեկնաբանությունում հնչեցված դիրքորոշումները:
Ուշագրավն այս պատասխանում, թերևս, այն է, որ պատասխանը տրվել է, երբ Լաչինի միջանցքը փակ է հայերի համար, և ԱԳՆ պատասխանից Լաչինի միջանցքին վերաբերում է ուղարկված 3 հղումներից միայն մեկը:
Խոսքը Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 4-ի հայտնի ելույթի մասին է, որտեղ նա խոսել էր նաև Լաչինի միջանցքի հարցի շուրջ:
Հիշեցնենք, թե ինչ էր ասել Նիկոլ Փաշինյանը: Նա նշել էր, որքան էլ քննադատվի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, դրանում Լեռնային Ղարաբաղի անվտանգության կարևոր ինստիտուտներ են ամրագրված, նախ՝ Լեռնային Ղարաբաղ միավորի արձանագրումն է տեղի ունեցել, երկրորդ՝ արձանագրվել է՝ գոյություն ունի շփման գիծ, և երրորդը՝ Լաչինի միջանցք, որը ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ:
«Ըստ էության, այս երեք ինստիտուտների դեմ է Ադրբեջանի այսօրվա պայքարը, և մեր ակնկալիքն է, որ ինչպես և նախատեսված է եռակողմ հայտարարությամբ, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն Ադրբեջանին հնարավորություն չտա խաթարելու եռակողմ հայտարարությամբ արձանագրված այս հիմնարար ինստիտուտները»,- նշել էր նա, ապա հավելել, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա:
Նիկոլ Փաշինյանը նաև ասել էր, թե այդ շրջանի էսկալացիայի համար Ադրբեջանը որպես պատրվակ օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը, իբր ինքը ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները, և, հետևաբար, գործող միջանցքի մի շարք հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը:
«Ադրբեջանի նման ձևակերպումը և հայտարարությունները նույնպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են, և ահա թե ինչու:
Նշված հայտարարության 6-րդ կետում ասվում է (մեջբերում եմ). «Կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում, այսինքն՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 9-ը, կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար» (մեջբերման ավարտ):
Պիտի արձանագրեմ, որ այս պահի դրությամբ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի կողմից եռակողմ ֆորմատով հաստատված որևէ պլան գոյություն չունի, և մենք մի քանի անգամ առաջարկել ենք և հիմա էլ առաջարկում ենք դա անել: Այսինքն՝ հաստատել եռակողմ ֆորմատով պլան: Ուշադրություն դարձրեք, որ հայտարարության մեջ խոսքը ոչ թե պարզապես նոր ճանապարհի կառուցման մասին է, այլ կառուցման պլանի և խաղաղապահ զորքերի վերատեղաբաշխման մասին, որը շատ բարդ և եռակողմ գործընթաց է:
Այս պահի դրությամբ մենք ոչ մի պլանի համաձայնություն չենք տվել, որովհետև մեզ նման պլանի նախագիծ չի էլ առաջարկվել: Չնայած՝ պիտի ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը սկսել է Կոռնիձոր-Տեղ-Մ12 մայրուղու ավտոճանապարհի վերակառուցումը, որը ենթադրաբար պիտի միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն:
Բայց, կրկնում եմ, խոսքը այստեղ, այսինքն՝ եռակողմ հայտարարության մեջ միայն ճանապարհի կառուցման մասին չէ: Պլանի շրջանակում պետք է պարզաբանվեն մի շարք կարևորագույն հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղին էլեկտրական էներգիայի, գազի մատակարարման հարցեր, անվտանգության հետ կապված խնդիրներ»,- ասել էր նա:
Օգոստոսի 4-ի ելույթի այդ հատվածը նա ավարտել էր՝ կրկին նշելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ 3 առանցքային իրողություն է արձանագրվել. Լեռնային Ղարաբաղի միավորի գոյությունը, Լեռնային Ղարաբաղում շփման գծի առկայությունը և Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը երաշխավորող Լաչինի միջանցքի գոյությունը:
«Ադրբեջանը պիտի կատարի իր երեք պարտավորությունները. առաջին՝ ընդունի Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ արձանագրված Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը, պիտի հարգի Լեռնային Ղարաբաղում շփման գծի առկայությունը և պիտի հարգի Լաչինի միջանցքի գոյությունը, որը Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող կարևորագույն ինստիտուտն է: Ինքն ասում է, որ եռակողմ հայտարարությամբ Հայաստանը պարտավորություններ է ստանձնել: Այո, ստանձնել ենք և կատարել ենք: Ադրբեջանը պարտավոր է իր ստորագրությամբ արձանագրված այս իրողությունները հարգել: Եթե ոչ, ուրեմն մենք պետք է մեր օրակարգում ներառենք սեփական ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները հարգելուն ուղղված միջազգային մեխանիզմների գործարկումը, որպեսզի միջազգային մեխանիզմների գործարկումով Ադրբեջանը հարգի իր ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները: Կրկնում եմ՝ 3 առանցքային իրողություն. Լեռնային Ղարաբաղ, շփման գիծ, Լաչինի միջանցք»,- նշել էր նա:
Նիկոլ Փաշինյանի այս ելույթից շուրջ մեկ ամիս անց Լաչինի միջանցքը Հայաստանի և Արցախի համար այլևս «գոյություն չունի»:
Թերևս, ԱԳՆ պատասխանը նման հղումներով և հատկապես այս փուլում, երբ հայկական կողմերը կորցրել են Լաչինի միջանցքը, երբ հայկական կողմի, այսպես կոչված, որևէ դիրքորոշում «եղանակ չի փոխում» տարածաշրջանային զարգացումներում, լավագույնս արտացոլում է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության, մեղմ ասած, ծայրաստիճան անկարող և խայտառակ կարգավիճակը: