Բաժիններ՝

44-օրյա պատերազմի մասնակից 20 երիտասարդ կդառնա որակավորված ծրագրավորող

Genesis Armenia ուղեղային կենտրոն/ հիմնադրամը և ֆրանսիական «Խելք» դպրոցը սեպտեմբերի 1-ից սկսում են 44-օրյա պատերազմի մասնակիցների համար նախատեսված՝ «Վերաինտեգրում կրթության միջոցով» ծրագրի կրթական փուլը։

Ծրագրին դիմած մոտ 9 տասնյակ դիմորդներից փուլային տարբերակով ընտրվել են 20-ը, որոնց հետ հանդիպել են Genesis Armenia-ի և «Խելք»-ի ներկայացուցիչները։

«Կուզեի նշել, որ այս կարևոր ծրագիրը կյանքի է կոչվել Սփյուռքի և Հայաստանի մեր գործընկերների շուրջ մեկ տարվա ջանքերի համատեղման և նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ։ Նախքան կրթական փուլի մեկնարկն իրականացվել է դասընթացավարների ու շահառուների մանրակրկիտ ընտրություն։ Ծրագրի մոտ 90 շահառուները մինչև ընտրվելն անցել են 3 փուլ՝ կատարել են տեխնիկական առաջադրանք, մասնակցել հարցազրույցի: Վերջին՝ ոչ ֆորմալ հանդիպման նպատակն էլ մասնակիցներին և ծրագրի պատասխանատուներին միմյանց ծանոթացնելն է»,- նշեց Genesis Armenia-ի «Սփյուռք» ոլորտի ղեկավար Աննա Հեսս Սարգսյանը:

Ծրագրի տևողությունը 6 ամիս է։ Այդ ընթացքում մասնակիցները ստանալու են ոչ միայն  ՏՏ կրթություն, այլև հմտանալու են հաղորդակցության, կառավարման և թիմային աշխատանքում։

«Genesis Armenia-ն և «Խելք»-ը կիսում են մոտեցումը, որ պետության մտավոր ներուժը պետք է ծառայի Հայաստանին։ Մեզ միավորում է գործը, որի համար պատրաստ ենք մեր տղաներին ապահովել ամենաորակյալ մասնագետներով ու մասնագիտական արդի ծրագրերով»,- ասաց Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանը:

«Խելք» դպրոց/հիմնադրամի գործադիր տնօրեն Սեդա Պապոյանն էլ նշեց, որ այս ծրագրի նպատակը  պատերազմին մասնակցած և հաշմանդամություն ձեռք բերած տղաներին կրթության միջոցով ինտեգրելն է հասարակությանը։

«Մենք շատ ուրախ ենք, որ մեր կողքին որպես համախոհ ունենք Genesis Armenia-ին։  Մեծ ջանքեր ենք գործադրում ծրագիրը հաջողելու համար։ Մենք պետք է ջանք չխնայենք Հայաստանի համար»,- ասաց Սեդա Պապոյանը։

Ծրագրի ավարտին որակավորված 20 մասնագետ կմտնի ՏՏ աշխատաշուկա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս