Ինչո՞ւ են Արցախ-Ադրբեջան շփումները գաղտնի պահվում, և ի՞նչ են քննարկում Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները Սարսանգի ջրամբարի մոտ
Սարսանգի ջրամբարի մոտ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը տեղեկատվական մեծ «աղմուկ» է բարձրացրել: Ադրբեջանական մամուլում ու տելեգրամյան ռուսալեզու հարթակներում հայտնված այս տեղեկատվությունն Արցախի տեղեկատվական շտաբը հաստատեց շատ ավելի ուշ՝ բացահայտելով, թե Ադրբեջանի հետ նման շփումներ կան դեռևս 2021 թվականից, որից հանրությունը տեղյակ չի եղել:
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ օգոստոսի 22-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են հրապարակել՝ Ադրբեջանի «Մելիորացիա և ջրային տնտեսություն» ընկերության աշխատակիցների կողմից Արցախի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությամբ Սարսանգի ջրամբար կատարած այցի մասին, որը հանրության շրջանում որոշակի մտահոգությունների պատճառ է դարձել, ինչպես նաև հարցեր է առաջացրել, ուստի այդ կապակցությամբ իրազեկում են, որ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում ջրային ռեսուրսների կառավարման և հանրությանը մատակարարվող խմելու ու ոռոգման ջրերի անվտանգության ապահովման նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս 2021 թվականից շփվում են ադրբեջանական կողմի հետ և պարբերական այցեր են կատարում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներ՝ Հանրապետության մի շարք համայնքներին (այդ թվում՝ Ստեփանակերտին) մատակարարվող խմելու և ոռոգման ջրերի օգտագործման շուրջ փոխադարձ պայմանավորվածություններ ձեռք բերելու և խնդիրների կարգավորման համար:
«Այդ շրջանակներում հերթական հանդիպումը կազմակերպվել էր Սարսանգի ջրամբարի մոտ՝ Սարսանգի ջրերի փոխշահավետ օգտագործման հարցի քննարկման նպատակով: Տեղում մտքեր են փոխանակվել ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հնարավոր տարբերակների շուրջ՝ հաշվի առնելով Սարսանգի ջրամբարի հանդեպ Արցախի Հանրապետության վերահսկողությունը, իսկ ոռոգման ենթակառուցվածքների հանդեպ՝ ադրբեջանական վերահսկողությունը: Առաջիկայում քննարկումները կշարունակվեն և որոշումները կկայացվեն Արցախի Հանրապետության շահերից ելնելով՝ հիմք ընդունելով և՛ էլեկտրաէներգիայի արտադրության, և՛ ոռոգման կարիքները Սարսանգի հատվածում, ինչպես նաև խմելու և ոռոգման ջրերի հետ կապված կարիքները Հանրապետության այլ հատվածներում:
Թեև ըմբռնումով ենք մոտենում Արցախի Հանրապետության պետական մարմիններին ուղղված քննադատություններին, այդուհանդերձ, ցանկանում ենք հայտնել, որ Արցախի իշխանությունները որևէ իրադարձություն թաքցնելու նպատակ չեն հետապնդում, առաջնորդվում են բացառապես Արցախի Հանրապետության և արցախցու շահով՝ ստեղծված իրավիճակում նրբանկատորեն ձեռնարկելով հնարավոր բոլոր միջոցները՝ պետության և հանրության անվտանգության մակարդակը բարձրացնելու, լարվածություն ծնող երևույթները չեզոքացնելու ուղղությամբ»,- ասված էր հաղորդագրությունում:
168.am-ը հանդիպման ձևաչափի, բովանդակության և մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի և Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանի հետ, ինչը չհաջողվեց․նրանք անհասանելի էին:
Ուշագրավն այն է, որ ի թիվս այս հանդիպման՝ կան տեղեկություններ, որ Արցախի իշխանություններն ունեն շփումներ Ադրբեջանի հետ նաև այլ թեմաների շուրջ, սակայն դրանք գաղտնի են պահվում, և այս ամենի շուրջ չի հաջողվում պարզաբանումներ ստանալ:
168.am-ը թեմայի շուրջ զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ, ով նշեց, որ կարևոր է հասկանալ, թե ինչ կարգավիճակով են հանդիպում, և արդյո՞ք Ադրբեջանն ընդունում է, որ հանդիպել է Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի ներկայացուցչի հետ, թե՞ ոչ:
«Ամբողջ կյանքում մեր ցանկությունն է եղել, որ Արցախի Հանրապետությունը ճանաչվի, և Ադրբեջանը լինի ճանաչածներից մեկը: Ադրբեջանը ճանաչե՞լ է, որ կա Արցախի Հանրապետություն, որն ունի Ջրային կոմիտեի վարչություն կամ կոմիտե, որի ներկայացուցչի հետ հանդիպում է: Պետք է հասկանալ՝ Ադրբեջանը գնացել է Սարսանգի ջրամբար՝ որպես իր ջրամբար, ու հանդիպել իր քաղաքացու հե՞տ, թե՞ ընդունում է, որ կա Արցախի Հանրապետություն, Արցախի Հանրապետության քաղաքացիներ, ԱՀ տարբեր պետական ինստիտուտներ, որոնցից մեկը Ջրային կոմիտեն է, և դրա ներկայացուցչի հետ է հանդիպել:
Եթե ընդունելով հանդիպել են, հարց են քննարկել, դա շատ լավ է, նշանակում է, որ պետական ինստիտուտները համագործակցում են, իսկ եթե հակառակն է, ապա՝ ոչ»,- նշեց Պողոսյանը:
Ըստ նրա՝ ամեն ինչ սկսվում է այս հարցից, թե որպես ի՞նչ են հանդիպել, կարևոր չէ՝ 2021 թվականի՞ն են հանդիպել, թե՞ երբ են հանդիպել:
«Եթե հանդիպումը տեղի է ունեցել հավասարը հավասարի հետ, դա կլինի լավ»,- նկատեց նա:
«Եթե փակ են պահում, ապա ի՞նչ են հանդիպել, ի՞նչ են քննարկել: Արցախի իշխանությունները, բոլորը ընդունո՞ւմ են, երբ Ադրբեջանն ասում է, որ դուք այլևս գոյություն չունեք: Երբ ՀՀ իշխանությունները փակ քննարկմամբ ինչ-որ բան են պայմանավորվում, Արցախի իշխանությունները հետո դրանից գո՞հ են մնում: Հիմա ինչո՞ւ են իրենք նույնն անում: Այս հարցադրումների պատասխանները պետք է լինի, մենք չենք կարող դիրքորոշում հայտնել անհասկանալի երևույթների վերաբերյալ: Ցավում եմ այս ամենի համար, եթե նույն Արցախի իշխանությունները ցանկանում են, որպեսզի հայ ազգն իսկապես լուրջ վերաբերվի Արցախյան հիմնախնդրին, պետք է առնվազն այն դասերը քաղի, որոնք արել են ՀՀ իշխանությունները՝ բանավոր, գաղտնի ինչ-որ այլ բաներ են պայմանավորվել, ու դրա արդյունքներն այսօր մենք բոլորս քաղում ենք: Հիմա էլ իրե՞նք են ուզում մի բան արած լինեն: Հուսամ, որ այս ամենի արդյունքում Արցախի Հանրապետությունը ցույց կտա, որ, լավ թե վատ, պետականության ինստիտուտներ կրող երևույթներ ունի և, օրինակ, Արցախի ԱԺ-ում կլինեն լսումներ այս ամենի մասին, կամ հատուկ քննարկումներ կլինեն և հարցադրումներ կլինեն, որոնց պատասխանները թույլ կտան հայ ազգին հասկանալու՝ ինչ է կատարվում»,- ասաց Պողոսյանը:
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն էլ 168.am-ի հետ զրույցում ասաց, որ պետք է փաստել՝ պատերազմից հետո հատկապես ՀՀ դիրքորոշումը Արցախի վերաբերյալ «ընդհանրապես Արցախից ձեռքերը լվանալու մակարդակով» ստիպում է Արցախի Հանրապետությանն առհասարակ ինչ-որ ձևով կոնտակտ ունենալ Ադրբեջանի հետ: Նա նշեց, որ չի ցանկանում արդարացնել Արցախի իշխանություններին, սակայն ցանկանում է, որպեսզի իրավիճակն ավելի ադեկվատ ընկալվի:
«Այսինքն՝ եթե, օրինակ, ժամանակին Ադրբեջանը գազն էր անջատում, գիտենք, որ Թարթառի ջրամբարն է իրենց վերահսկողության ներքո, ադրբեջանցիները նաև հնարավորություն ունեն, որ ջրային խնդիր առաջացնեն Արցախի բնակչության համար: Հետևաբար, կարծում եմ, որ ինչ-որ ժամանակ, հատկապես ներկայումս, երբ Հայաստանը ձեռքերը լվացել է, պետք է չափավոր կապ ապահովել , սակայն շատ կարևոր բացառություն կա, որ այդ կապը պետք է լինի ոչ թե գաղտնի և ծածուկ, որպեսզի հետո ադրբեջանական կամ, այսպես կոչված, բլոգերների կողմից բացահայտվի, այլ լինի կոնկրետ պաշտոնական հայտարարություն, որ հանդիպեն ու տեղեկացնեն, այլ ոչ թե տարատեսակ անհայտ աղբյուրներից հանրությանը հայտնի դառնա, որ մարդիկ էլ մտածեն, թե Արցախի իշխանությունն Ադրբեջանի հետ կարող է ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերել: Այստեղ կա պետություն-հասարակություն կապի բացակայություն, որը խիստ կարևոր է այս ժամանակահատվածում, որպեսզի մի քանի մասի բաժանված հասարակության մոտ հարցեր և աղճատում չառաջանա: Դրա համար նման տեսակ հանդիպումներն ինչ-որ տեղ հասկանում եմ, որովհետև առանց դրա Արցախն ընդհանրապես չի կարող առաջին կարևորության խնդիրները կարգավորել։
Մյուս կողմից՝ չեմ էլ կարող հասկանալ, որ նման հանդիպումները բացահայտվում են հետո և օտար աղբյուրներից, սա մեծ բացթողում է: Ակնկալել, որ այս իրավիճակում չպետք է որևէ կապ լինի Ադրբեջանի հետ, սխալ է, որովհետև ունենք բավական ծանր աշխարհաքաղաքական իրավիճակ, ունենք Արցախին ադրբեջանցիների առջև գրեթե միայնակ թողած իրավիճակ այն դեպքում, երբ ռուս խաղաղապահներն այնտեղ միջնորդի դերում են: Իրենք չեն կարող արգելել կամ թույլ տալ հանդիպումներ, այդտեղ պետք է լինի երկկողմանի փոխըմբռնում հանդիպման շուրջ: Ուստի մի տեղ մեղադրելի է իշխանությունը, որ նախապես չկան բացատրություններ, և հասարակությունն իմանում է օտար աղբյուրներից, բավականին ուշ ու քննադատություններից հետո, մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել, որ կան տրամաբանական պատճառներ, որոնք չի կարելի չնկատել և աչքաթող անել»,- պարզաբանեց Գառնիկ Դավթյանը:
Դավթյանն ասաց, որ չի ցանկանում դավադրության տեսություններից խոսել և ենթադրել, թե ինչ է քննարկվել կոնկրետ, սակայն մեկնաբանեց, որ Ադրբեջանում կա ջրային ռեսուրսների բացակայության խնդիր:
«Այդ մասին խոսում են վերջին անտառային հրդեհները, դրա մասին խոսում են չորային դաշտային հատվածները, ամեն դեպքում Գանձակի շրջանում ղազախական հատվածը չորային գոտի է, և ադրբեջանական կողմը փորձում է Արցախի վերահսկողության տակ գտնվող ջրային ռեսուրսներից օգտվել, լուծել այդ հարցը: Հետևաբար, կարծում եմ, որ փոխշահավետ համագործակցությունը կարող է լինել այդ տեսքով, որ ջուր տրամադրի, փոխարենը ջուր ստանա հակառակ կողմից, կամ ինչ-որ հատվածում ադրբեջանական զորքերը մի քանի կմ հետ գնան, և բնակչությունն ինչ-որ հատվածում ավելի հանգիստ ապրի, կարելի է ենթադրել:
Ընդհանրապես կոնտակտի չգնալ թշնամու հետ՝ սխալ է, քանի որ դրանով հնարավորություն կտաս հակառակ կողմին (այն դեպքում, երբ չունենք պետականակենտրոն իշխանություն) անտրամաբանական և պահանջատիրական ծրագրեր իրականացնել»,- ասաց Դավթյանը, շարունակելով նաև պնդել, որ այդ ամենը պետք է հասարակության համար լիովին թափանցիկ ու հասկանալի լինի: