Եթե վարակի վերահսկողություն չկա, կառուցված չէ այդ ցանցը, ինչքան սպանդանոց ուզում եք՝ սարքեք. Գրիգոր Գրիգորյան
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը սննդի անվտանգության տեսչական մարմնի և մյուս բոլոր գործընկերների հետ քայլեր է ձեռնարկում կարգի բերելու խոշոր եղջերավոր կենդանիների մորթի ենթակառուցվածքն ապահովելու ուղղությամբ, այնպես, որ խանութում վաճառվող միսը լինի սպանդանոցում մորթված: Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նրա խոսքով՝ ամենօրյա ինտենսիվ ստուգումներ են իրականացվում: «Ամեն օր ունենք արձանագրություններ: Հիմա ձեռնամուխ ենք եղել այդ կարգավորումների խստացմանը, որպեսզի ոչ միայն արգելենք սահմանված կանոնների խախտմամբ որևիցե մսի վաճառք, այլ տնտեսվարողն իսկապես ցավ զգա օրենքները և ստանդարտները խախտելու համար»,- ասել է նախարարը:
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի փոխանցմամբ՝ 10 օրում առանց փաստաթղթի 10 տոննա միս է հայտնաբերվել:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նախկին պետ, զոոնոզային հիվանդությունների և անասնաբուժական առողջապահության կազմակերպման միջազգային փորձագետ, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը հիշեցրեց՝ սպասվող խնդիրների մասին զգուշացրել է դեռևս այն ժամանակ, երբ Կառավարությունը որոշումը նոր էր ընդունել:
«Ասել եմ, որ 5-րդ ձևը վաճառվելու է, լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան, ու եթե առաջ 120 անասնաբույժ էր դուրս գրում այդ ձևը, հիմա բոլոր թղթերը կենտրոնացված են նրանց ձեռքում: Երբ սեղանը փտած է՝ լավ սեղանի սփռոց գցելը չի նշանակի, որ սեղանն ամուր է: Հիմա, եթե չկա համակարգ, ուզում եք՝ ամենուր սպանդանոցներ սարքեք, ոչինչ չի փոխվի: Կան համարակալման, հաշվառման ծրագրեր, համաճարակաբաններ: Դա կոչվում է համաճարակաբանական միավոր: Վերահսկողություն կատարվում է առաջին հերթին նրա համար, որ մարդիկ չվարակվեն: Հիմա, եթե վարակի վերահսկողությունը չկա, կառուցված չէ այդ ցանցը, ինչքան սպանդանոց ուզում եք՝ սարքեք: Իսկ վարակի վերահսկողությունը հնարավոր է միայն կենդանիների հետագծելիության դեպքում: Հիշում եմ, ԽՍՀՄ փլուզումից հետո սպանդանոցներ սարքեցին, մի քիչ գործեցին, հետո դարձան ավտոլվացման կետեր: Այժմ նույն պատմությունն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Գրիգորյանը:
ՍԱՊԾ նախկին պետը նշեց՝ ծրագիր, շտրիխ կոդ, ամենը սուտ է, ընդամենն աչքակապություն:
«Եթե շտրիխ կոդը ստուգեն՝ այդ մարդը կարող է առհասարակ գոյություն չունենալ, բայց իր անունով գրած լինի, օրինակ, 100 խոշոր եղջերավոր անասուն: Ո՞վ է գնալու, ասենք, Արմավիրի չգիտեմ որ գյուղ՝ տեսնի՝ այդ անուն-ազգանունով մարդ կա՞, թե՞ չէ: Կարող է գնան, տեսնեն՝ նշված հասցեն գոյություն չունի, ավտոտնակ է»,- հավելեց Գրիգոր Գրիգորյանը: