Ինչո՞ւ է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը աղանդավորական կազմակերպություններին ցանկանում մտցնել բանակ, ոստիկանություն և ԱԱԾ, և արդյո՞ք ՍԴ-ն կգնա դրան

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հանրային ծառայության առանձին տեսակների համար սահմանված՝ արհեստակցական միություններին և կրոնական կազմակերպություններին անդամակցության արգելքի սահմանադրականությունը»,- գրված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) այսօր տարածած հաղորդագրության տեքստի առաջին պարբերության մեջ:

Ըստ ամենայնի, ՄԻՊ-ը վերադարձել է հունական կղզիներում հանգստից ու ձեռնամուխ է եղել իր համար այս պահին թերևս կարևորագույն հարցի լուծմանը:

Ակնհայտ է, որ գերխնդիրը աղանդավորական կազմակերպությունների համար հանրային ծառայությունների ոլորտ կանաչ լույս վառելն է կամ մուտքի ուղեգիր ապահովելը:

Խոսքը վերաբերում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին, «Արհեստակցական միությունների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասին, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերին, որոնցով ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության մարմիններում ծառայողների, զինծառայողների, դատախազների, դատավորների և Սահմանադրական դատարանի դատավորների համար նախատեսվում է արհեստակցական միություններին անդամակցելու, ազգային անվտանգության մարմիններում ծառայողների համար նաև՝ կրոնական կազմակերպություններին անդամակցելու, իսկ զինծառայողների համար՝ կրոնական միավորում ստեղծելու բացարձակ արգելք։

Մասնավորապես օրենքն ասում է՝

Հոդված 6. Արհեստակցական կազմակերպության մասնակիցները (անդամները)

Արհեստակցական կազմակերպության մասնակից (անդամ) չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողները, ինչպես նաև դատավորները և սահմանադրական դատարանի անդամները:

Հոդված 39. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. Ոստիկանության ծառայողն իրավունք չունի`

լինել որևէ կուսակցության, հասարակական-քաղաքական, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական, վետերանների և նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների), այդ թվում` կրոնական, արհեստակցական կազմակերպության անդամ, իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել:

Հոդված 43. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողն իրավունք չունի`

լինել որևէ կուսակցության, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական և նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների), այդ թվում` կրոնական, արհեստակցական կազմակերպության անդամ:

Հոդված 8. Զինվորական ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. Զինծառայողն իրավունք չունի`

ստեղծելու կուսակցություններ կամ կրոնական միավորումներ, անդամակցելու որևէ կուսակցության կամ արհեստակցական միության, իսկ կրոնական միավորման անդամ հանդիսանալու դեպքում զինվորական ծառայության ընթացքում և ծառայակիցների շրջանում իրականացնելու քարոզչական գործունեություն:

Օրենքում, իհարկե, ձևակերպումը ոչ թե աղանդավորական կազմակերպություններին է վերաբերում մասնավորապես, այլ առհասարակ կրոնական կազմակերպություններին, այդ թվում՝ նաև իրավաբանական կարգավիճակ ունեցող Հայ Առաքելական եկեղեցուն (ՀԱԵ), բայց ակնհայտ է, որ միտումը աղանդավորներին ազգային անվտանգության նշանակություն ունեցող ոլորտներ մտցնելն է, որովհետև դժվար է պատկերացնել, որ ՀԱԵ սպասավորը կցանկանա դառնալ ԱԱԾ տնօրեն կամ, օրինակ, Ոստիկանության պետ:

Եվ եթե Սահմանադրական դատարանը (ՍԴ) հանկարծ բավարարի այս դիմումը, ուրեմն հեռու չի լինի այն օրը, երբ մենք բանակում կունենանք, ասենք, «Կյանքի խոսքի», իսկ ԱԱԾ-ում՝ «Եհովայի վկաների»՝ բացարձակ օրինական խմբակներ: «Եհովայի վկաները» մասնավորապես տևական ժամանակ է՝ ցանկանում են ներթափանցել բանակ, և ՍԴ-ն կարող է խափանել երկրի անվտանգության համար կործանարար այդ միտումը, եթե, իհարկե, ազգային անվտանգության գիտակցություն ունի:

Կարճ ասած՝ թե ինչո՞վ է հղի ՍԴ կողմից այս դիմումի բավարարումը, կարծում ենք, գիտակցում է ՀՀ՝ մտածելու քիչ թե շատ ունակ ցանկացած քաղաքացի:

Ըստ ամենայնի Քրիստիննե Գրիգորյանին հրահանգավորողները շատ լավ են գիտակցում այս օրենքների կարևորությունը, և այն, որ դրանք խանգարում են պետությունը վերջնականապես կազմաքանդելուն, այլապես չէին գնա այս քայլին ու այն էլ՝ պետության համար այս օրհասական շրջանում:

Իր այս նախաձեռնությամբ Քրիստիննե Գրիգորյանը, իհարկե, կշահի տարատեսակ միջազգային կառույցների ու հասարակական կազմակերպությունների համակրանքը, սակայն նա պետք է երբեմն հիշի, որ ինքը ՀՀ քաղաքացի է, և, որ 2 ամիս աշխատելու համար 2 միլիոն պարգևավճար ինքն իրեն գրելու հնարավորություն նա առայժմ ունի այս երկրում:

Տեսանյութեր

Լրահոս