«Այս իշխանություններն Անկախության հռչակագիրը դարձրել են փալաս, ոտքի տակի տրյապկա». Մեխակ Մխիթարյան

«Այսօր հավաքվել ենք նշելու Անկախության հռչակագրի 32-րդ տարեդարձը, բայց եկել ենք մի փոքր տագնապով, խորին մտահոգությամբ, եկել ենք նաև մեր փորձառությունը, մեր կոչը հնչեցնելու մեր ժողովրդին, համայն հայությանը, Արցախին և ասելու, որ մենք գտնվում ենք շատ վտանգավոր եզրափուլում»,- այսօր Անկախության հռչակագրի 32-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված  նիստի ընթացքում ասաց ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ անցած տարիներին այս օրը այս կամ այն կերպ նշել են պետական հովանավորության ներքո, և սա առաջին նիստն է, որ կազմակերպվել է անհատ մարդու՝ Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ։

«Այսօր ես եկել եմ սրտի շատ մեծ ցավով, որ մեր ստեղծած ժողովրդավարական ինստիտուտների գոյությունը, նրանց նշանակությունը, նրանց պատմական առաքելությունը, ցավոք սրտի, ոչ միայն ոտնահարվել են, ոչ միայն անտեսվել են, այլև անթույլատրելի ձևով այդ մասին չեն ուզում ընդհանրապես խոսել․․․ Ի՞նչ վարք դրսևորվեց Սահմանադրական դատարանի նկատմամբ, սա՞ է ժողովրդավարությունը։ Իմ սիրտը ցավում է, որ մենք ստեղծել ենք այդ ժողովրդավարական ինստիտուտները, բայց դրանց նկատմամբ վերաբերմունքը, ցավոք սրտի, այսօր իշխանություններն ընդհանուր առմամբ անտեսում են և պատշաճ ուշադրության չեն արժանացնում։

Հռչակագրի մասին ենք խոսում, հռչակագիրը լոկ փաստաթուղթ չէ՛, ինչպես նախագահական ինստիտուտը, հռչակագիրը նույնպես ինստիտուտ է, քանզի այն ավելի բարձր է դրված նույնիսկ Սահմանադրությունից։ Երբ վերլուծում ենք, տեսնում ենք, որ այսօրվա իշխանություններն ընդհանրապես, ինչպես Սահմանադրության նկատմամբ, այնպես էլ Հռչակագրի նկատմամբ հանցագործ անտարբերություն է դրսևորում։ Ներողություն եմ խնդրում շատ տհաճ օրինակ բերելու համար, բայց դարձրել են փալաս, դարձրել են ոտքի տակի տրյապկա, և չի՛ կարելի այդ մասին բարձրաձայն չասել․․․»,- ասաց Մեխակ Մխիթարյանը։

Կարդացեք նաև

Նա հռետորական հարց հնչեցրեց՝ պահպանո՞ւմ ենք մեր երկրի ինքնիշխանությունը․

«Մեր Հռչակագրի մեջ նշված է՝ հետամուտ լինել Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման գործընթացին։ Դուք կարո՞ղ եք հիշել մի դեպք Առաջին, Երկրորդ, Երրորդ նախագահների կառավարման տարիներին, որ մենք մոռացության մատնած լինեինք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին։ Այսօր մենք խոսո՞ւմ ենք դրա մասին»։

Խոսելով ժողովրդավարության և ժողովրդավար պետության մասին, Մեխակ Մխիթարյանն օրինակ բերեց վերջին 4 տարիների Կառավարության նիստերը․

«Բոլորդ հավանաբար դիտում եք Կառավարության նիստերը, մեկ էլ մեջտեղից մի դուռ է բացվում, ներս է մտնում ոմն անձնավորություն, և բոլորը էն հայտնի կենդանու նման խրտնած վեր են թռնում։ Ես նման ժողովրդավարական երկիր չեմ տեսել, որ լինի նման անձի պաշտամունքի կամ դրսևորման այդպիսի էլեմենտ: Սա՞ է ժողովրդավարությունը, էս ո՞ւր ենք գնում, այդպիսի իրավիճակ հավանաբար Կորեայում չկա․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս