Բաժիններ՝

Երբ ջանքերը զուր են գործադրվում

Մարդու ձեռնարկած յուրաքանչյուր գործողություն, եթե նպատակաուղղված և իմաստալից չէ, ապա զուր են գործադրված ջանքերը: Օրինակ՝ հողագործը, եթե ճիշտ ժամանակին սերմեր չսերմանի և մոռանա ժամանակին ջրելու ու մշակելու մասին, ապա անպտուղ են լինելու նրա ջանքերը:

Հոգևոր կյանքում էլ է այդպես. յուրաքանչյուր քրիստոնյայի մտածում, խոսք և գործ, եթե իմաստալից և Աստծու կամքի համաձայն չէ, ապա զուր են նրա ջանքերը հանուն փրկության: Եվ մարդը մեկ քայլով Աստծուն մոտենալու փոխարեն հեռվանում է Նրանից: Քրիստոնյան նպատակակետ ունի, հանուն որի ապրում է և գործում: Սբ. Պողոս առաքյալն ասում է. «Ուշադիր վազում եմ դեպի նպատակակետ, որպեսզի իբրև մրցանակ ստանամ հավիտենական կյանքը, որին Աստված հրավիրում է մեզ Հիսուս Քրիստոսով» (Փիլիպպեցիներ 3:14):

Քրիստոնեական կյանքում աղոթքը, պահքը, բարեգործությունը, եկեղեցի այցելելն ու արարողություններին մասնակցելը ջանքեր են, որ մեզ մոտեցնում են Աստծուն և Նրա օրհնությանը: Յուրաքանչյուր քրիստոնյա նկարիչ է, որի ստեղծագործությունն իր իսկ հոգին է: Նա հանուն Աստծու նկարում է և գունավորում իր հոգին՝ օգտագործելով իր «ներկանյութերը»՝ աղոթքը, պահքը, բարեգործությունը, խոստովանությունը, Սբ. Հաղորդությունը և այլն: Երբ պատկերը ներդաշնակ է իր գույներով և գեղեցիկ, ապա հոգին վայելում է անասելի ուրախություն՝ Աստծու ներկայությունը: Աստված բնակվում է նրա հոգում՝ ինչպես տաճարում: Այս ուրախությունը մշտապես վայելելու համար անհրաժեշտ է մոռացության չենթարկել հոգին և ուշադիր լինել ճշտելու համար՝ կա՞ այնտեղ Աստված, հոգևոր պտուղներ:

Ինչպե՞ս դա կարելի է իմանալ: Գաղատացիներին ուղղված նամակում սբ. Պողոս առաքյալը մատնանշում է հոգևոր պտուղները՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, ազնվություն, բարություն, հավատարմություն, ժուժկալություն (Գաղատացիներ 5:22): Զգո՞ւմ է մարդն այս բոլորը իր հոգում։ Եթե քիչ է զգում կամ ոչ հաճախակի, ապա պետք է լրջորեն մտահոգվի՝ ինչո՞ւ Սուրբ Հոգին չի բնակվում իր մեջ, ի՞նչ մեղքեր և սխալներ ունի, որ հեռվացնում են իրեն Աստծուց: Հարցեր, որոնց պատասխանները կարևոր է գտնել:

Լինում են դեպքեր, երբ մարդ հաճախակի աղոթում է, բայց իր աղոթքը սառն է և անպտուղ: Կամ էլ ուշադիր աղոթում է, խոստովանում մեղքերը, Սբ. Հաղորդություն ստանում, բայց հոգևոր աճ չի ապրում: Մեկ ուրիշ օրինակով մարդ ջանք է թափում, Աստծուց ներում խնդրում, բայց և միևնույն ժամանակ չի կարողանում ամբողջ սրտով ներել իրեն վիրավորողներին և արդյունքում, ըստ տերունական խոսքի, չներելով՝ ինքն էլ չի ներվում և զուր են անցնում նրա ջանքերը: Աստծու օգնությանը ապավինելով, երբ մարդ սկսում է ինքն իրեն քննել, գտնում է բոլոր խնդիրների պատճառները:

Մի դիպուկ օրինակ ևս․ եթե ինչ-որ մարզիկ առանց դատավորի թույլտվության ինքնակամ դուրս գա վազքի, թեկուզ և համաշխարհային ռեկորդ սահմանի, միևնույն է, արդյունքը չի գրանցվի և չի արժանանա մրցանակի, քանի որ զուր էին իր ջանքերը:

Մարդ սկսում է աստվածահաճո խորհել, խոսել և գործել, երբ խոնարհաբար խնդրում է Աստծուց երկնային իմաստություն. «Իմաստութիւն Հօր Յիսուս, տուր ինձ զիմաստութիւն զբարիս խորհիլ և խօսիլ և գործել առաջի Քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց՝ ի բանից և ի գործոց փրկեա զիս: Եւ ողորմեա Քո արարածոց և ինձ՝ բազմամեղիս» (սբ. Ներսես Շնորհալի «Հաւատով խոստովանիմ» աղոթաշարքից):

Աստծու օգնությամբ հեշտ է նկատել, թե ինչն է մարդուն հեռվացնում Նրանից և ինչը մոտեցնում ու միավորում Նրան: Երբ աստվածային ճշմարտությունը կամ հավատի լույսը բնակվում է մարդու սրտում, այն հանգիստ է, ամուր, ուժեղ և կենդանի, իսկ հակառակ դեպքում՝ սիրտն անհանգիստ է, թույլ և անկենդան: Քրիստոնյայի գերագույն նպատակն Աստծու հետ միավորվելն է, ինչին խանգարում է մեղքը, այդ պատճառով պետք է փախչել մեղքից, ինչպես դաժան թշնամուց կամ մարդասպանից, որովհետև, ըստ եկեղեցու հայրերի, առանց Աստծու կյանքը կյանք չէ, այլ՝ մահ:

«Որևէ մեկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է. նա այլևս այն չէ, ինչ որ նախապես էր, որովհետև նա ամբողջությամբ նորոգվեց» (Բ Կորնթացիներ 5:17):

Կարինե Սուգիկյան

surbzoravor.am 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս